Եթե Գարիկ Գալեյանն այս պահին անազատության մեջ է, ես ազատության մեջ եմ՝ չեմ լռելու». Աստղ Գալեյան

Առավոտյան հայտնի դարձավ, որ 44-օրյա պատերազմում նահատակված Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին ձերբակալել են։

Գարիկ Գալեյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը լրագրողներին ասել է, որ քննչական մարմինը Գալեյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացնելու դատարան՝ պարզաբանելով, որ Գալեյանին ձերբակալել են երկու արարքի կատարման համար։

«Խուլիգանություն, որն արտահայտվել է նրանով, որ անցյալ տարի Գլխավոր դատախազության դիմաց, երբ ծնողները իրավաչափ ակցիա էին իրականացնում, իշխանական սադրիչներից մեկը փորձել էր միջամտել ակցիային, և Գարիկ Գալեյանը իր ձեռքի շշով ջուրը լցրել էր վերջինիս գլխին»,- տեղեկացրել էր փաստաբանը։

Նրան ձերբակալելուց հետո իրավապահ մարմինները խուզարկել էին նաև Գարիկ Գալեյանի բնակարանը։

Կարդացեք նաև

Քիչ առաջ էլ Քննչական կոմիտեն պաշտոնական հաղորդագրություն տարածեց, որ Գարիկ Գալեյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան՝ խափանման միջոցի պայմանը խախտելու համար։

168.am-ի հետ զրույցում Գարիկ Գալեյանի կինը՝ Աստղ Գալեյանը, ասաց, որ խուզարկության ժամանակ որևէ բան չի հայտնաբերվել։

«Եկել թմրամիջոցներ էին փնտրում, ինչը, բնականաբար, չգտան, որովհետև նման բան մեր տանը ո՛չ կա, ո՛չ էլ երբևէ եղել է։

Իհարկե, այս ամենը մեզ համար սպասելի էր, այս իշխանություններից մենք ամեն ինչ սպասում ենք»,- նշեց Աստղ Գալեյանը։

Նրա խոսքով՝ չնայած այս ճնշումներին, իրենք երբեք չեն լռելու և պահանջելու են արդարություն։

«Եթե Գարիկ Գալեյանն այս պահին անազատության մեջ է, ապա Աստղ Գալեյանն ազատության մեջ է, երբեք չի լռելու։ Երբեք անմասն չենք մնալու որդեկորույս ծնողների պայքարից։ Իմ պահանջը միայն մեկ բան է՝ պատասխանատվության ենթարկվի մեղավորը, որի համար մեր որդիները նահատակվեցին»,- եզրափակեց Աստղ Գալեյանը։

Տեսանյութեր

Լրահոս