29.800 էլ չկա. այսօր Սոթքում և Հայաստանի ողջ սահմանին կատարվողը դա է փաստում. Աննա Գրիգորյան
Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ադրբեջանական զինուժն ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից զատ՝ կիրառելով նաև ականանետ: Ադրբեջանի ԶՈՒ արձակած կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 1 վիրավոր:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը, խոսելով սահմանին առկա ադրբեջանական հերթական էսկալացիայի մասին, նշեց՝ սա ապացույցն է նրա, որ Ադրբեջանի նպատակն է ոչ միայն Արցախն Ադրբեջան դարձնելը, այլ նաև կենսունակ Հայաստանի Հանրապետության գոյության բացառումը։
«Նիկոլ Փաշինյանն իր ստորագրությամբ է ադրբեջանցիներին բերել-կանգնեցրել բարձրադիր դիրքերում՝ Սոթքում և նաև Սյունիքում՝ պատերազմի ավարտից հետո՝ գաղտնի։ Դիմադրության ռեսուրսն ամբողջությամբ սպառած այս իշխանությունը հանձնվել է արդեն։ Պատերազմն իրենց քայլերով նրանք ամեն օր բերում են մեր տան դռներին»,- ասաց Գրիգորյանը։
Ըստ նրա՝ Պրահայում Արցախն Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս ճանաչած Հայաստանի իշխանությունը, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանը, ստեղծված բարդ իրավիճակում կա՛մ պետք է հետ կանչի այդ հայտարարությունը, ինչը Փաշինյանի պարագայում քիչ հավանական է, կա՛մ պետք է հեռանա։
Գրիգորյանը վստահեցնում է՝ պետք է փոխվի Հայաստանի անունից բանակցողը, որն անգամ ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված աշխարհաքաղաքական զարգացումների վրա ազդել չկարողանալով, կարող է իրավիճակ փոխել մասնավորապես Արցախի հարցում և այն հարցերում, որոնց վրա ուղիղ կարող ենք ազդել։
«Այն, ինչ այսօր տեղի է ունենում Սոթքում, Կապանում և Հայաստանի ամբողջ սահմանով, ապացուցում է՝ 29.800 քառակուսի կմ-ն այլևս չկա. այդքան տարածքով Հայաստան չկա։ Փաշինյանի արածը ճակատագրական սխալ է եղել. ինքը դրա համար պետք է հատուցի՝ առաջինը հեռանալով, այնուհետև նրա արածների գնահատականը կտա իրավապահ համակարգը»,- ասաց պատգամավորը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։