Իրանի արտգործնախարարը ԱՄՆ-ին կոչ է արել դուրս բերել զորքերը Սիրիայից

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն ԱՄՆ-ին կոչ է արել դուրս բերել զորքերը Սիրիայից՝ դրանց ներկայությունն այնտեղ անօրինական համարելով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է իրանական IRNA լրատվական գործակալությունը:

«Մենք ամերիկյան ուժերին խորհուրդ ենք տալիս տուն վերադառնալ, մենք նաև խորհուրդ ենք տալիս ամերիկյան իշխանություններին տարածաշրջանը թողնել տարածաշրջանի ժողովրդին», – հայտարարել է Աբդոլլահիանը Դամասկոսում իր սիրիացի գործընկեր Ֆեյսալ Միքդադի հետ բանակցություններից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսում։

Աբդոլլահիանը նշել է, որ բանակցությունների ընթացքում քննարկվել են «Սիրիայում ամերիկյան զորքերի անօրինական ներկայությունը ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով», իսրայելական հարվածները սիրիական տարածքին, այդ թվում՝ օգոստոսի 28-ին Հալեպի միջազգային օդանավակայանին հասցված օդային հարվածը։

«Սիոնիստական ​​ռեժիմի հանցավոր արարքներից ոչ մեկն անպատասխան չի մնա»,- ընդգծել է Աբդոլլահիանը։

Միքդադն իր հերթին ասել է, որ ԱՄՆ-ն և արևմտյան մյուս պետությունները շարունակում են իրենց ագրեսիվ քաղաքականությունը Իրանի և Սիրիայի դեմ, մասնավորապես՝ «ներդրումներն ահաբեկչության մեջ իրենց քաղաքական նպատակներին հասնելու համար», հավելելով, որ Իրանի և Սիրիայի ժողովուրդները մնում են անսասան, և այդ ընդհանուր դիրքորոշումը նրանց հաղթանակ կբերի։

Տեսանյութեր

Լրահոս