Բաժիններ՝

Մահացել է կոմպոզիտոր Աննա Ազիզյանը

58 տարեկանում մահացել է ՀԿՄ անդամ, կոմպոզիտոր Աննա Ազիզյանը։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի կոմպոզիտորների միությունը՝ ցավակցելով կոմպոզիտորի ընտանիքին, հարազատներին։

Աննա Ազիզյանը ծնվել է 1965 թվականին, Աշտարակում։

1980 թվականին ավարտել է Աշտարակի Ա. Այվազյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի (դասատու՝ Ս. Ազարյան) և կոմպոզիցիայի (դասատու՝ Ռոբերտ Ամիրխանյան), 1984 թվականին՝ Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի դաշնամուրի (դասատու՝ Կ. Հարությունյան), 1990 թվականին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի (Էդվարդ Միրզոյանի դասարան) բաժինները։

1990 թվականից դասավանդել է Աշտարակի Ա. Այվազյանի անվան երաժշտական դպրոցում։ 1993–2014 թվականներին եղել է Աշտարակի Ա. Այվազյանի անվան երաժշտական դպրոցի փոխտնօրեն։ 2005 թվականին Աշտարակի Կարմրավոր եկեղեցուն կից հիմնադրել է «Զվարթունք» մանկական երգչախումբը, որի երգացանկը կազմված է հոգևոր երգերից։

Աննա Ազիզյանը գրել է դաշնամուրային պիեսներ՝ «Մտորում» (1984) ֆուգետան, «Երեք տաղ միջնադարյան բանաստեղծների խոսքերով» (1985), «Երկու տաղ Խաչատուր Կեչառեցու խոսքերով» (1986), «Վարուժանյան» (1985–1986), «Կաթիլ մի արտոսր ի շիրիմ Դուրյանի» (1990), «Մայրական» (2001–2003) և այլ խմբերգաշարեր՝ «Քառաձայն ֆուգա E dur կամ X մաժոր» (1987), խմբերգային ստեղծագործություններ՝ «Աղոթք» (1988, ըստ Դանիել Վարուժանի և Գրիգորիս Աղթամարցու), «Տաղ ծննդյան» (2001, ըստ Գրիգոր Նարեկացու), խմբերգային ներկայացումներ՝ «Ջարդին խենթը» (1993), «Զուգահեռ» (2005–2008), «Պոչատ աղվեսը» (2011–2013), երգեր՝ «Քասախ» (1993, ըստ Գ. Գևորգյանի), «Հրաժեշտ այբբենարանին» (2002, ըստ Սիլվա Կապուտիկյանի), սկերցո՝ դաշնամուրի և ֆլեյտայի (երկուսն էլ՝ 1984), ռոնդո (1987)՝ կամերային նվագախմբի, կոնցերտային նախերգանք (1993)՝ դաշնամուրի և կամերային նվագախմբի, «Հեյ ջան, տղերք» (1999, ըստ Հովհաննես Թումանյանի)՝ մենակատարի, երգչախմբի և սիմֆոնիկ նվագախմբի, «Ձայնք ծնանին ի ձայնէ» (2011, ըստ Էդմոնդ Ավետյանի)՝ խառը երգչախմբի համար։

168.am-ի աշխատակազմը ցավակցում է կոմպոզիտորի հարազատներին, մտերիմներին և երկրպագուներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս