«Շարունակեք ԺԵԿ-ի պետի տենդը, չխանգարեմ: Մի բան միայն, էս ժողովուրդը էնպիսին ու էն չի ինչպիսինի ու ինչի տեղ, որ նրան դրել ու քշում եք»․ Վլադիմիր Մարտիրոսյան

Քաղաքական վերլուծաբան Վլադիմիր մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Էս ԺԵԿ-ի պետ դառնալու տենդը խորացած արատների հրաշալի ցուցիչ է: ԺԵԿ-ի պետ, որովհետև ապաքաղաքականացվածության ձգտող թեկնածուները պետք է ընկալեն, որ, եթե իրենք խուսափում են իրենց հանրային, քաղաքական, անձնական դիրքորոշումը հայտնել նաև այն երևույթների վերաբերյալ, որոնք հետաքրքրում և անհանգստացնում են երևանցիներին քաղաքական մակարդակով ու մնում են բիսեդկա, կոյուղի, ասֆալտ, բորդուր, լիֆտ տրամաբանության մեջ, ուրեմն թող համակերպվեն ԺԵԿ-ի պետի հավակնորդի ստատուսի հետ:

Ֆանտաստիկ երեսպաշտություն պետք է ունենաս, որ ներկայացնես քաղաքական թիմ, քո քաղաքական թիմին վերագրես ամեն մի «բարեփոխում» կամ «գնում» կամ «աշխատանք», բայց խուսափես քո քաղաքական թիմի և դրա ղեկավարի տխրահչակ քաղաքականության արդյունքների , քաղաքական պատասխանատվությունից ու գնահատականից, որ դրա բացասական նստվածքը քեզ չկպնի ու թե բա սա ավագանու ընտրություն է, քաղաքական հարց չի կամ նման մի բան: Արցախ բառն ու քաղաքական ենթատեքստը լսելուց անկյուն ման գաս, որ ճողոպրես:

Ժողովրդավարության այլ բաստիոններում քաղաքապետ դարձողն ու այդ քաղաքի բնակիչների ձայներին հավակնողը բացվում է մինչև վերջ, որ իրեն վստահեն ու հավատան: Լոզունգ չի գոռում, այլ հայտնում է իր դիրքորոշումն ու մոտեցումը ամեն բանի մասին, ոչ միայն քաղաքական այլ գլոբալ տաքացման հետևանքներից սկսած աբորտի վերաբերյալ իր դիրքորոշումով շարունակած և փոքրամասնությունների իրավունքների խորացման կամ սահմանափակմամբ վերջացրած: Դա մինչ ընտրությունը արվում է նրա համար, որ բնակիչը չկտրած ձմերուկ չընտրի, իմանա ընտրվողի մասշտաբը՝ բարոյականից սկսած քաղաքականով վերջացրած, որ վերահսկելի պահի նրան:

Երբ ասում եմ ԺԵԿ-ի պետ դառնալու տենդ, հենց դա նկատի ունեմ,որ քաղաքական զրո կոնտենտով ու կենցաղավարության պայմանների մակարդակի բարձրացման իբր խոստումներով ուզում են համոզեն իբր լուրջ են, հարց լուծող ու պրագմատիկ:

Լուրջ չեք , պրագմատիկ չեք, հարց լուծողն էլ դուք չեք, ուղղակի չագուչնա ձեր ձեռքը: Մեղավորը դուք չեք այլ նրանք ով այդ չագուչից են կախված շահով ու քյարով: Էդ տասովշիկների ինստիտուտն ու մերձթաղապետային մանր մունր քյարավիկ-կպցնիչները եղել են կան ու լինելու են: Խնդիրը նա է, որ դրանք պատրաստ են օգտագործվել նրանց կողմից ում անունը տալուց առաջ կամ էպիտետ էին կպցնում կամ քֆուրով որակում, իսկ հիմա պարոն եսիմինչով են դիմում ու «աշխտում իրա հմար ձեն բերելու մոմենդով »:

ԺԵԿ-ի պետի մյուս բուտաֆորիկ կոմպանիան էլ «ավագանի» կոչեցյալն է: Ավագանին старейшина-ն է, այսինքն ծանրակշիռ, սոլիդ, տարիքն ու իմաստնությունն ու փորձը առած պահապանի իմաստ ունի: Զգացել եք, որ էդ «ավագանին» իր իմաստի, նշանակության ու առաքելության ուղիղ հակառակն է , այսինքն անանուն, անհայտ, անփորձ ու մի բրոշուրի չափի ու մակարդակի գիտելիքը մի ողջ գիտելիքահեն շտեմարանի դեմքի արտահայտությամբ հպարտ կրող երիտասարդներ:

P.S. Շարունակեք ԺԵԿ-ի պետի տենդը, չխանգարեմ: Մի բան միայն, էս ժողովուրդը էնպիսին ու էն չի ինչպիսինի ու ինչի տեղ, որ նրան դրել ու քշում եք»:

Տեսանյութեր

Լրահոս