Հերթ առաջ տալու բիզնես է գործում. զբոսաշրջիկները խնդրի առջև են կանգնել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ամառվա տապը քիչ-քիչ կոտրվում է՝ տեղը զիջելով աշնանային նուրբ եղանակին: Թեժ արեւին փոխարինելու է գալիս մելամաղձոտ աշունը, սակայն վիզաների ու անձնագրայինների թեժ ու ինչ-որ տեղ նաեւ հոգնեցնող հերթերը այդպես էլ չեն վերանում:
Շատ քաղաքացիներ, որոնք պլանավորել էին իրենց հանգիստն անցկացնել երկրից դուրս, դեռեւս սպասում են վիզա ստանալու իրենց հերթին, այնինչ շատ-շատերը անհասկանալի կարճ ժամկետում ստացել են իրենց վիզաներն ու երկրից երկիր են շրջագայում: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ այս առեղծվածի հիմքում մի շարք տուրիստական ընկերությունների «հերթ առաջ տալու» բիզնեսն է:
Իսկ ի՞նչ է դա նշանակում: Մինչեւ ուշ գիշեր լինում են դեպքեր, երբ վիզա ստանալու օնլայն համակարգում իրենց հերթից հրաժարվում, այլ կերպ ասած՝ «հերթից դուրս են գալիս» բազմաթիվ քաղաքացիներ, եւ փաստացի շատ ուշ ժամերի ազատված տեղեր են ի հայտ գալիս, եւ այս առիթը օգտագործելով՝ տուրիստական շատ ընկերություններ գումարի դիմաց մարդկանց առաջարկում են վիզա ստանալու օրը «առաջ գցել»:
Արդյունքում ոմանք շատ կարճ ժամանակահատվածում ստանում են վիզաներ, ոմանք էլ, տեղյակ չլինելով գործի նրբություններից, ամիսներով սպասում են իրենց հերթին: «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Վիզաների աջակցման կենտրոնի ղեկավար Անի Քոչարյանի հետ, որպեսզի պարզենք, թե ինչու է խտրական վերաբերմունք ցուցաբերվում քաղաքացիների նկատմամբ: Անի Քոչարյանն ասաց, թե հեռախոսով հարցերի չի պատասխանում:
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնապես գրավոր հարցում ուղարկել է Վիզաների աջակցման կենտրոն: Պատասխանը ստանալուն պես կհրապարակենք»:
Ամբողջությամբ հոդվածը՝ թերթի այսօրվա համարում: