Լարված իրավիճակ Արցախում. ԱԺ նիստը շարունակվում է, հրավիրվել են նաև նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը

Արցախի Վերածննդի հրապարակում լարված իրավիճակ է` հազարավոր քաղաքացիներ սպասում են Արցախի Ազգային ժողովում նախագահ Արայիկ Հարությունյանի, քաղաքական ուժերի, ռազմաքաղաքական ղեկավարության հետ հանդիպման արդյունքներին:

Ըստ մեր տեղեկությունների` Արցախի ԱԺ նիստը շարունակվում է, հրավիրվել են նաև նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը:

«Այս պահին լարված իրավիճակ է Արցախի ԱԺ-ի դիմաց»,-գրել էր «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ»-ի հիմնադիր անդամ Արշակ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Արցախցի 3 երիտասարդների առևանգումից հետո Ստեփանակերտի հրապարակում հավաք է անցկացվել, մասնակիցներին մոտեցել է Արայիկ Հարությունյանը։ Նա նշել է, որ հասկանում է` հավաքվածներին նախևառաջ հետաքրքրում է տղաների հարցը, բայց կխոսի, պայմանով, եթե անջատեն ուղիղ եթերը։ Բողոքի ցույցն ուղիղ եթերում ցուցադրող ակտիվիստ Արթուր Օսիպյանը համաձայնել է անջատել ուղիղ եթերը։ Նա պատասխանել է հնչած այն դիտարկումներին, թե ստեղծված իրավիճակը արդյունք է գաղտնի պայմանավորվածությունների. «Ոչ մի պայմանավորվածություն էլ չկա»,-ասել է նա։

Հիշեցնենք, որ ժամեր առաջ Արցախի Հանրապետության ԱԱԾ նախկին տնօրեն, գեներալ Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.

«Երբ կրակի վրա դրված մսով լի կաթսան սկսում է անընդատ եռալ այդ ժամանակ մսի մեջ գտնվող անպիտան մասնիկները կեղտի և փուչիկաձև փրփուրի նման բարձրանում են վերև, որն էլ վերցվում և դեն է շպրտվում աղբանոց:

Հիմա Արցախն է կրակի վրա անընդհատ եռում և կամաց-կամաց աղբը փրփուրի հետ վեր է բարձրանում…

Ճիշտ ժամանակին պետք է այդ ամբողջ աղբն ու փուչիկաձև փրփուրը վերցնել ու դեն շպրտել աղբանոց…

Հ.Գ. Առաջիկա մի քանի ժամերի կամ օրվա ընթացքում ամեն ինչ պարզ կլինի…»:

Տեսանյութեր

Լրահոս