«Անվտանգ խաղ». Այսօր աշխարհում նշվում է պիրատական ծրագրերի դեմ պայքարի օրը
Այսօր աշխարհում նշվում է Պիրատական ծրագրերի դեմ պայքարի օրը։ Այն անվանում են նաև «Անվտանգ խաղի օր»: Աշխարհում այս օրը նշվում է արդեն վեցերորդ անգամ, իսկ Հայաստանում՝ 3-րդ անգամ: Այս առնչությամբ այսօր Microsoft-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Գրիգոր Բարսեղյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց Microsoft ընկերության պատվերով «Միջազգային տվյալներ» (IDC) ընկերության կողմից անցկացված լայնածավալ նոր ուսումնասիրության արդյունքների մասին, որը հրապարակվել է այսօր՝ Microsoft ընկերության համաշխարհային նախաձեռնության՝ «Անվտանգ խաղ» (Play it Safe) միջոցառման շրջանակներում:
Ըստ այդմ՝ չարտոնագրված ծրագրերի 78%-ն իր մեջ լրտեսական բաղադրիչներ է պարունակում, անձնական և գաղտնի տվյալները գողանալուց՝ մինչև վեբ տեսախցիկի միացումը և պարզապես մարդուն հետևելը: Չարտոնագրված ծրագրերի մոտ 36%-ի մոտ անջատված են պաշտպանական ֆունկցիաները, իսկ 28%-ի մոտ դրանք լավ չեն աշխատում, ինչը բերում է լուրջ տեխնիկական խնդիրների: Արդյունքում՝ օգտագործողը ստիպված ժամանակ առ ժամանակ վերաֆորմատավորում է այն, ինչը բերում է նաև ժամանակի կորստի:
«Անցկացված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ վարակների հետևանքով սպառողները 2013-ին կծախսեն 1.5 մլրդ ժամ և 22 մլրդ դոլար՝ պարզելու, թե ինչում է խնդիրը, նորոգելու համակարգիչը և համակարգչային վիրուսի հետևանքները վերացնելու համար, իսկ համաշխարհային ընկերությունները կծախսեն 114մլրդ դոլար՝ վերացնելու համար կիբեռհարձակումների ժամանակ համակարգիչ ներթափանցած վիրուսների հետևանքները»,- ասաց Գ. Բարսեղյանը:
Տեղեկացնենք, որ IDC-ի ուսումնասիրությանը, որը վերնագրված է՝ «Կեղծ և չարտոնագրված ծրագրերի վտանգավոր աշխարհը», կարող եք ծանոթանալ այստեղ՝ «Անվտանգ խաղ» միջոցառման կայքում՝ www.play-it-safe.net: