Պակիստանի նախագահը հրաժարվել է ստորագրել իշխանությունների լիազորություններն ընդլայնող օրինագծերը
Պակիստանի նախագահ Արիֆ Ալվին կիրակի հայտարարել է, որ հրաժարվել է ստորագրել երկու օրինագիծ, որոնք իշխանություններին ավելի մեծ լիազորություններ են տալիս պետության և զինված ուժերի դեմ գործողությունների դիմաց մարդկանց դատական հետապնդման համար, հաղորդում է Reuters-ը:
Օրինագծերն արդեն ընդունվել են Պակիստանի խորհրդարանի երկու պալատների կողմից, սակայն Ալվին նախկին վարչապետ Իմրան Խանի «Թեհրիք-է-Ինսաֆ» պակիստանյան կուսակցության անդամ է, որը դեմ է երկու օրինագծերն ընդունած կոալիցիոն կառավարությանը:
«Աստված վկա, ես չեմ ստորագրել 2023 թ․«Պետական գաղտնիքի մասին օրենքում փոփոխությունների օրինագիծը» և 2023 թ․ «Պակիստանի բանակի մասին օրենքում փոփոխությունների օրինագիծը», քանի որ համաձայն չեմ այս օրենքներին», – գրել է Ալվին X(Twitter)-ի իր միկրոբլոգում:
Նա նաև տեղեկացրել է, որ իր աշխատակազմին խնդրել է սահմանված ժամկետում վերադարձնել օրենսդիր մարմնին չստորագրված օրինագծերը՝ դրանք ուժի մեջ չմտնելու համար:
«Սակայն այսօր իմացա, որ իմ ենթակաները չեն կատարել իմ կամքն ու հրամանը»,- ասել է նա։
Իր հերթին, օրենքի և արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ նախագահի որոշումը «լուրջ մտահոգություն է առաջացնում»։
«Նախագահն ունի երկու տարբերակ՝ կա՛մ տալ իր համաձայնությունը, կա՛մ հարցը ներկայացնել խորհրդարան՝ կոնկրետ մեկնաբանություններով»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ՝ նշելով, որ նախագահը չի հետևել ոչ մի տարբերակին: «Այս գործելաոճը հակասում է սահմանադրության տառին ու ոգուն»։
Սահմանադրության համաձայն, եթե նախագահը երկու պալատների ընդունումից հետո 10 օրվա ընթացքում չստորագրի օրինագիծը կամ չվերադարձնի այն իր մեկնաբանություններով կամ առարկություններով, օրինագիծն ինքնաբերաբար օրենքի ուժ է ստանում։