Ստեփանակերտի վաճառակետերում լրացուցիչ կվաճառվի տավարի և խոզի միս՝ 1 կիլոգրամը 4 հազ. դրամ առավելագույն արժեքով

Ստեփանակերտի մսամթերքի վաճառակետերում օգոստոսի 21-ից կվաճառվի լրացուցիչ ծավալի տավարի և խոզի միս՝ 1 կիլոգրամը 4 հազ. դրամ առավելագույն արժեքով։ Սպեկուլյատիվ գնումները բացառելու համար ներկա կգտնվեն ոստիկանության, պետական եկամուտների կոմիտեի և պետական տեսչությունների կառավարման կոմիտեի աշխատակիցները։ Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

«Վերջին օրերին ձեռնարկված կազմակերպչական աշխատանքների շնորհիվ վաղվանից Ստեփանակերտ քաղաքի շուկա կհանվի լրացուցիչ ծավալի մսամթերք՝ տավարի և խոզի մսի 1 կիլոգրամի առավելագույն արժեքը 4.000 դրամով, որը կփորձենք պահպանել որոշակի ժամանակահատված: Վաճառքը կիրականացվի Ստեփանակերտի մսամթերքի վաճառակետերում, որտեղ սպեկուլյատիվ գնումները բացառելու համար ներկա կգտնվեն ոստիկանության, պետական եկամուտների կոմիտեի և պետական տեսչությունների կառավարման կոմիտեի աշխատակիցները:

Միջոցներ են ձեռնարկվում նաև հացի ծավալները հնարավորինս ավելացնելու ուղղությամբ:

Չնայած Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված բարդ իրավիճակին, ԱՀ կառավարությունը շարունակում է ձեռնարկել բոլոր միջոցները բնակչության ուսերին ընկած ծանրությունը որոշակիորեն մեղմելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս