«Կարծես, համակենտրոնացման ճամբար լինի․ մոռացված ճգնաժամը Եվրոպայի շեմին»․ Telegraph-ի անդրադարձը Լեռնային Ղարաբաղում իրավիճակին
The Telegraph բրիտանական հայտնի պարբերականը լայնածավալ հոդված է հրապարակել Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի մասին։ Հոդվածը կրում է հետևյալ խորագիրը՝ «Կարծես, համակենտրոնացման ճամբար լինի․ մոռացված ճգնաժամը Եվրոպայի շեմին»։
Հոդվածի հեղինակ Ջեսի Ուիլյամսը զրուցել է Արցախի մի քանի բնակիչների հետ, որոնք ներկայացրել են տեղում ստեղծված ծանր իրավիճակը։
«Եթե սա շարունակվի, մարդիկ, ի վերջո, կմահանան։ Մարդիկ արդեն իսկ մահանում են։ Այժմ բոլորն հիվանդ են թերսնման պատճառով և մինչև մահամերձ վիճակում չեն լինում, չեն գնում հիվանդանոց, քանի որ այնտեղ շատ երկար հերթեր են», – ասել է պարբերականի զրուցակիցն Արցախից։
Հոդվածի հեղինակն անդրադառնում է Արցախյան առաջին պատերազմին և 2020 թ․-ի Արցախյան երկրորդ պատերազմին, մանրամասն ներկայացնում է այն խնդիրները, այդ թվում՝ սննդի, դեղորայքի, վառելիքի և այլ ապրանքների պակասը, որոնց բախվել են Արցախի բնակիչները շրջափակման 8 ամիսների ընթացքում։
Պարբերականը նաև անդրադառնում է Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի զեկույցին, որում վերջինս նախազգուշացնում էր, որ Ադրբեջանը ԼՂ էթնիկ հայերի դեմ ցեղասպանություն է նախապատրաստում։
«Մենք կորցրել ենք մեր ազատությունը, զրկվել ենք մեր իրավունքներից։ Այժմ մենք, ասես, ապրում ենք համակենտրոնացման ճամբարում», – նշում է պարբերականի մեկ այլ զրուցակից Արցախից։
Հոդվածի հեղինակը նաև մեջբերում է «Հաշտեցման ռեսուրսներ» կազմակերպության կովկասյան ծրագրի ղեկավար Լորենս Բրոերսի խոսքերը, որը նշում է, որ Ուկրաինայում հակամարտությունը «մեծապես թուլացրել է Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի գերիշխանությունը և Ադրբեջանին բավական հնարավորություններ է տվել՝ մարտահրավեր նետելու այդ գերիշխանությանը»։
Նման տեսակետ է հայտնել նաև Բրիտանիայի խորհրդարանում Հայաստանի հարցերով խորհրդարանական խմբի նախագահ Թիմ Լոութենը։
«Ադրբեջանը, միանշանակ, օգուտ է քաղում այն փաստից, որ Ռուսաստանն այլ խնդիրներով է զբաղված։ Կասկած չունեմ, որ սա Ադրբեջանի էթնիկ զտման ծրագրի մի մասն է, և նույնիսկ եթե այս փուլում սա ցեղասպանություն չէ, ապա, միանշանակ, մեկ քայլ է դրանից հեռու», – ասել է Լոութենը։
Հոդվածում նաև անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հարցով Բրիտանիայի վարած քաղաքականությանը։ Ըստ հեղինակի՝ Բրիտանիան չի դատապարտում Ադրբեջանին՝ չնայած Հայաստանի հարցով խորհրդարանական խումբը նման հորդորով դիմել է երկրի արտգործնախարար Ջեյմս Քլևերլիին։ Վերջինիցս պատասխան չի ստացվել։
Լոութենը քննադատել է Միացյալ Թագավորության կողմից «կոշտ պատասխանի ակնհայտ բացակայությունը»՝ ընդգծելով, որ այլ երկրներ, ինչպիսիք են Ֆրանսիան և ԱՄՆ-ն, հրապարակայնորեն դատապարտել են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը:
«Մեծ Բրիտանիան պետք է հստակեցնի, որ նախ, սա անընդունելի է, և երկրորդ, եթե նրանք ոչինչ չանեն, ապա կլինեն հետևանքներ, որոնք կարող են սկսվել Ադրբեջանի դեմ պատժամիջոցներից», – ավելացրել է բրիտանացի պատգամավորը:
Հոդվածում նշվում է, որ Բրիտանիայի լռության պատճառը տնտեսությունն է․ Բրիտանիան Ադրբեջանում ամենախոշոր օտարերկրյա ներդրողն է։ Վերջին 30 տարվա ընթացքում British Petroleum ընկերությունը շուրջ 84 միլիարդ դոլար է ներդրել Ադրբեջանում։