Այն, ինչ չէր կարելի Չարչյանին, կարելի է ՔՊ-ականներին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Դեռ 2021 թվականի հունիսին` արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ, իշխանությունները քրեական հետապնդում սկսեցին պրոֆեսոր Արմեն Չարչյանի դեմ` այն բանի համար, որ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրենն իր աշխատակիցներին «պարտադրել» է մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին` նրանց ուղղորդելով: Նախ, համացանցով արտահոսք կազմակերպեցին` ժողովի ձայնագրության մեջ Արմեն Չարչյանն ասում է.

«Ես ասեմ․ ես՝ ինքս, «Հայաստան» դաշինքի 20 համարն եմ, դա շատ բարձր տեղ ա…բայց ես այստեղ եկել եմ ոչ որպես քաղաքական գործիչ, ես հիմա ներկայացնում եմ ոչ թե «Հայաստան» դաշինքը, այլ ներկայացնում եմ ինքս ինձ՝ Արմեն Չարչյան, ձեր կոլեգան, բժիշկ, քաղաքացի, Հայ֊առաքելական եկեղեցու հետեւորդ։ Մենք պետք ա, եկել եմ, որ հորդորեմ ձեզ՝ բոլորիդ, եւ պահանջեմ բոլորից, որ գնաք ընտրությունների։ Պարտադիր պետք է գնաք ընտրությունների, թողնել, որ քո տեղն ինչ-որ մեկն ինչ-որ բան ընտրի՝ էդ նշանակում ա, որ քո երեխաների, քո թոռների, քո հետագա սերունդների ճակատագիրը թողնել ինչ-որ մեկին։ Հետո ասում են՝ ես ընտրությունների չգնացի, տեսա՞ք էս ինչ արին սրանք, եւ այլն, եւ այլն։ Չէ: Իմ պահանջն է ձեզ, պահանջն է բոլորիդ, որ պարտադիր գնաք ընտրությունների: Ավելին ասեմ՝ ես, էսօր լինելով «Հայաստան» դաշինքում, տեխնիկապես հնարավորություն ունեմ ստուգելու ցուցակները, ստուգելու՝ ով ա գնացել ընտրությունների»։

Սրա արդյունքում Արմեն Չարչյանը հայտնվեց կալանավայրում, մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Չնայած իրավաբանները պնդում էին, որ նրա գործողություններում եւ խոսքում չկա հանցակազմ:

Անցել է ժամանակ, առջեւում Երեւանի ընտրություններն են: «Քաղպայմանագիր» կուսակցությունը` վարչապետի գլխավորությամբ, վաղուցվանից մտել է մրցավազքի մեջ, անգամ դրամահավաք արեցին` 500 միլիոնից ավելի գումար հավաքեցին: Եվ բազում առիթներ կան նրանց նկատմամբ քրեական գործեր հարուցելու, մասնավորապես` նրանց ցանկացած ելույթն ու կոչը կարող են գնահատվել որպես մարդկանց ուղղորդելու փորձ, դրամահավաքը` օրինականացված կոռուպցիա, վարչական ռեսուրսի օգտագործում, բայց իրավապահները դա չեն տեսնում` նրանք ստեղծված են ընդդիմադիրների դեմ գործեր հարուցելու համար:

Օրինակ, դրամահավաքի ժամանակ ԱԻ նախկին նախարար, ավագանու ՔՊ ցուցակի երկրորդ համար, շտաբի պետ Արմեն Փամբուխչյանի ելույթը հանգիստ կարելի է գնահատել որպես պետական ծառայողներին ուղղորդելու` գումար եւ քվե կորզելու փորձ:

Եթե Չարչյանն ընդամենը մի մասնավոր հիվանդանոցի աշխատակազմին էր համոզում, որ մասնակցեն ընտրություններին եւ ընտրեն «Հայաստան» դաշինքին, որի ընտրացուցակում կա նաեւ իր անունը, ապա Փամբուխչյանը ողջ պետական ապարատին ուղղված ելույթ է ունեցել` ուղղորդելով նրանց։

«Ինչպես նշեցին պարոն վարչապետն ու պարոն Ավինյանը, մենք այսօր կազմակերպել ենք նվիրատվություն, դրամահավաք` նախընտրական փուլին ընդառաջ:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել յուրաքանչյուրին, ովքեր իրենց նվիրատվությունն ու ավանդն են ունենում ընտրությունները կազմակերպելու համար նախատեսված ֆինանսական բաղադրիչի մասով:

Հիշեցնեմ, որ սրահի ետնամասում բանկի աշխատակիցները ներկա են, ինչպես նաեւ երեք տերմինալ է ներկա, եւ ով ցանկություն ունի իրականացնել նվիրատվություն, կարող է իրականացնել այնտեղ: Ինչպես նաեւ ուզում եմ նշել, որ այսօր ողջ օրվա ընթացքում շատ նվիրատուներ արդեն իսկ կատարել են իրենց նվիրատվությունը` բանկերի միջոցով:

Իհարկե, ֆինանսական բաղադրիչը շատ կարեւոր է ընտրություններ կազմակերպելու համար, սակայն էլ ավելի կարեւոր է կամ էլ ոչ պակաս կարեւոր է, կամ գուցե ամենակարեւորն է, որպեսզի մեր թիմը` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, կուսակցության ակտիվն իր բոլոր ջանքերը եւ կարողությունները, ներուժն օգտագործի այս մեկուկես ամսվա ընթացքում ` շտաբին սատար լինելու համար, որպեսզի մենք՝ բոլորս միասին թիմային կարողանանք անցկացնել քարոզարշավ եւ մեզ ապահովել հաղթական արդյունքներ: Եվս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով բոլորիդ, մեզ՝ բոլորիս, մաղթում եմ հաղթական ընտրարշավ եւ հաղթական արդյունքներ» – նշել է նա:

Այսպիսով` Արմեն Փամբուխչյանը ներկաներին եւ իրենց առցանց հետեւողներին կոչ է անում աջակցել ՔՊ-ին, մատնանշում է, որ մասնակցությունն ընտրություններին կարեւոր է ՔՊ-ի համար, եւ իրենք պետք է հաղթական արդյունք ապահովեն:

Ի դեպ, Չարչյանն այնքան սիրված է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի բժիշկների եւ աշխատակիցների կողմից, որ նրանցից ոչ մեկը պրոֆեսորի դեմ ցուցմունք չտվեց, եւ առանց որեւէ կոչի էլ կընտրեին այն ընտրացուցակը, որտեղ ընդգրկված էր իրենց տնօրենի անունը:

Տեսանյութեր

Լրահոս