Սերժ Թանկյանը Imagine Dragons-ին կոչ է արել չեղարկել Բաքվում նախատեսված իրենց համերգը
Սերժ Թանկյանը Imagine Dragons խմբին կոչ է արել չեղարկել սեպտեմբերի 2-ին Բաքվում կայանալիք իրենց համերգը, որպեսզի «չօգնի արդարացնել բռնապետական ռեժիմի» գործողությունները։ Սերժ Թանկյանն սոցիալական ցանցերի իր էջերում գրում է, որ համերգի մասին իմանալուն պես ներկայացուցիչների միջոցով նամակ է հղել Imagine Dragons խմբին:
Նա նշում է, որ իր նամակին կցել է տարբեր հոդվածներ, սակայն պատասխան չի ստացել։
«Ոչ մի պատասխան, ոչ մի արձագանք։ Մինչ հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում սրվում է, արդեն արձանագրվող սովամահությամբ, ես ստիպված եմ հրապարակել այս նամակը և նրանց կողմից այս հումանիտար աղետի անտեսումը: Միգուցե, նրանք զգում էին, որ օրինական պարտավորություն ունեն շոուով հանդես գալու համար, գուցե նրանց պարզապես չի հետաքրքրում: Իմ ամբողջ կյանքում ես եղել եմ ցեղասպանության ճանաչման ջատագովը և միշտ ասել եմ, որ ցեղասպանական ռեժիմները կամ այն ժխտողները պետք է գին վճարեն: Ադրբեջանի կողմից մեկ այլ ցեղասպանության վտանգ կա, և մինչ դա տեղի է ունենում, նրանք պետք է վայելեն ամերիկյան խմբի կատարումները», – գրում է Թանկյանը։
Նա իր գրառմանը կցել է նաև Imagine Dragons-ին ուղղված նամակը, որտեղ ներկայացնում է 2020 թվականին Բաքվի կողմից սանձազերծած պատերազմը, այնուհետև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անօրինական շրջափակումը։
Սերժ Թանկյանը նաև կիսվել է ստորագրահավաքի հղումով, որով մարդիկ կարող են դեմ արտահայտվել Բաքվում Imagine Dragons-ի համերգին։