Բաժիններ՝

«Հարսնաքար»-ի գործով պաշտպանները առարկում են

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների  ընդհանուր իրավասության դատարանում՝  դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ,  «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ի բռնարարքի գործով այսօրվա նիստում  hետազոտվեցին տուժողներ  Վահե Ավետյանի, Արտակ Բայադյանի, Գարիկ Սողոմոնյանի, Էդգար Նիկոյանի և Արկադի Աղաջանյանի  դատաբժշկական փորձաքննության արձանագրությունները:

Ըստ փորձագետի եզրակացության,  Վահե Ավետյանի ստացած վնասվածքները որակվել են որպես կյանքին վտանգ սպառնացող, տուժողներ Արտակ Բայադյանի և Գարիկ Սողոմոնյանի վնասվածքները  միջին ծանրության, իսկ  տուժողներ  Էդգար Նիկոյանի և Արկադի Աղաջանյանի մարմիններին ընդհանրապես վնասվածքներ չէին հայտնաբերվել:

Ամբաստանյալ Արման Բաղդասարյանի պաշտպան Միհրան Պողոսյանը  հայտարարեց, որ թեև  փորձագետի եզրակացության մեջ նշվում է կյանքին վտանգ սպառնացող վնասվածքների մասին, սակայն չի երևում, թե ինչ կարգի վնասվածքներ են հասցվել Վ Ավետյանին:

Ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի պաշտպան Մարինե Թովմասյանը տարակուսանք հայտնեց այն կապակցությամբ, որ  Էդգար Նիկոյանն ու  Արկադի Աղաջանյանը  ծեծի են ենթարկվել, սակայն «մարմնական վնասվածքներ չեն  հայտնաբերվել»:

Նիստում հետազոտվեցին նաև  ամբաստանյալների  մուտքային և ելքային զանգերի հեռախոսային վերծանումների զննության արձանագրությունները,: Այդ կապակցությամբ  պաշտպան Մարինե Թովմասյանը հայտարարեց, որ նշված ապացույցներով և վերծանումներով հաստատվում  է ընդամենը, որ իր պաշտպանյալը «Հարսնաքար» ռեստորանային համալիրի  տարածքում   է   գտնվել, ինչը չի նշանակում, որ Գ.Մարգարյանը  կատարել է ծանր հանցագործություն:

Նիստում առարկություն հնչեց նաև այն կապակցությամբ, որ թեև արձանագրություններում նշվում է  որպես իրեղեն ապացույց տուժողներ  Արտակ Բայադյանի և Գարիկ Սողոմոնյանի սպիտակ  կարճաթև մայկաների գործին կցվելու մասին, սակայն գործում առկա են   վերնաշապիկներ՝ «այստեղ էական տարբերություններ կան»:

Մարտի 13-ի դատական նիստում կշարունակվի  գործի գրավոր նյութերի հետազոտումը։

Փաստինֆո

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս