«Այս շրջանում Վազգենի հույսը միանշանակ կլիներ ժողովուրդը»
«Հանրապետություն» կուսակցության նախագահ, սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը պատմում է, որ կենդանության ժամանակ իր եղբայրը ծննդյան օրեր չէր նշում, չէր սիրում, երբ իրեն մեծարում էին: Արամ Սարգսյանի խոսքերով, հիմա նրա ծննդյան օրը նշվում է, բայց ափսոս, որ իր կենդանության օրոք Վազգեն Սարգսյանն արժանիորեն չգնահատվեց:
«Շատ շնորհակալ եմ մեր ժողովրդին, որ այս օրերին հավաքվում, գալիս են, իրենց հարգանքն են հայտնում Վազգենին: Այստեղ եկած բոլորը՝ իշխանություն թե ընդդիմություն, հոգու խորքում սիրում են Վազգենին»,- Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Արամ Սարգսյանը: Մարտի 5-ին՝ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, Եռաբլուրն իսկապես մարդաշատ էր, այստեղ էին ոչ միայն նրա հարազատներն ու մարտական ընկերները, այլ նաև քաղաքական բազմաթիվ գործիչներ:
Արամ Սարգսյանի խոսքերով, Վազգեն Սարգսյանից հետո երկրում ավելացան հուսահատություն տարածողները, այնինչ Վ. Սարգսյանը հույսի, հավատի մարդ էր և վարակում էր իր լավատեսությամբ: «Ցանկացած իրավիճակում ելք էր տեսնում և տեսնում էր, որ այս երկիրն ապագա ունի: Վազգենն ասում էր, որ 21-րդ դարը մերն է լինելու: Վազգենը չի սխալվել, 21-րդ դարը մերն է»,- նկատեց Սպարապետի եղբայրը՝ հավելելով, որ վերջին ընտրությունների ժամանակ և դրանից հետո ժողովրդի պահվածքն իրեն միանշանակ հույս է տալիս, որ այս երկիրն ապագա ունի:
168.am-ի այն հարցին, թե ի՞նչ ելք կառաջարկեր Վազգեն Սարգսյանը ետընտրական այս բարդ իրավիճակում, Արամ Սարգսյանը պատասխանեց. «Այս շրջանում Վազգենի հույսը միանշանակ կլիներ ժողովուրդը, ոչ թե քաղաքական ուժերը, ոչ թե նրանց հետ բանակցությունների միջոցով խնդիրներ լուծելը: Առաջինն ինքն էր, որ ՀԺԿ-ի, Կարեն Դեմիրճյանի հետ բանակցելուց և ընդհանուր հայտարարի գալուց հետո հայտարարեց, որ հանդես են գալու «Միասնություն» դաշինքով: Հիմա, կարծում եմ, որ Վազգենը կփորձեր ՀՀ բոլոր այն քաղաքացիներին, ովքեր սիրում են այս երկիրը, անկեղծ են, անաչառ են, միավորել այս գաղափարի շուրջ»: