Նագասակիում նշում են ատոմային ռմբակոծության 78-րդ տարելիցը․ ՄԱԿ-ը միջուկային զինաթափման կոչ է արել
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն աշխարհին միջուկային զինաթափման կոչ է արել և այդ նպատակն անվանել է ՄԱԿ-ի ամենամեծ առաջնահերթությունը զինաթափման ոլորտում։ Այս մասին ասված է նրա ուղերձում, որը հրապարակվել է Նագասակիի ատոմային ռմբակոծության 78-րդ տարելիցի կապակցությամբ։
«Գլխավոր քարտուղարը միջուկային զենքի վերացումը հայտարարել է զինաթափման ոլորտում ՄԱԿ-ի ամենամեծ առաջնահերթությունը… Չնայած 1945 թ.-ի սարսափելի դասերին, մարդկությունը սպառազինությունների նոր մրցավազքի է բախվել։ Միջուկային զենքերն օգտագործվում են որպես ճնշման միջոց… Միջուկային աղետի վտանգն այժմ Սառը պատերազմից ի վեր ամենաբարձր մակարդակի վրա է… Միջուկային վտանգը վերացնելու միակ միջոցը միջուկային զենքերի վերացումն է», – նշված է հայտարարության մեջ։
Իր հերթին Նագասակիի քաղաքապետը ատոմային ռմբակոծության 78-րդ տարելիցի միջոցառմանը միջուկային զենք ունեցող երկրներին կոչ է արել «խիզախություն ցուցաբերել» և հրաժարվել միջուկային զսպման մոտեցումից։ Ինչպես նշում է Kyodo գործակալությունը, միջոցառումն առաջին անգամ անցել է բավական փոքր մասշտաբներով՝ երկրում մոլեգնող հզոր թայֆունի պատճառով։ Միջոցառմանը ներկա չեն գտնվել Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան և միջազգային հյուրեր։
Նագասակիում ամերիկյան ռմբակոծիչն ատոմային ռումբ է նետել 1945 թ. օգոստոսի 9-ին՝ Հիրոսիմայի ատոմային ռմբակոծությունից երեք օր անց։ Ռմբակոծության հետևանքով մինչև նույն տարվա վերջը քաղաքում շուրջ 74 000 մարդ էր զոհվել, շատերն էլ տարիներ շարունակ տառապում էին դրա հետևանքով առաջացած առողջական խնդիրներից։