ԲՀԿ-ն ընդդիմություն կդառնա հաղթանակի 100 տոկոսանոց երաշխիքի դեպքում

«Րաֆֆի Հովհաննիսյանը երկիրը պիտի հասցնի մի այնպիսի վիճակի, որ իշխանությունները ստիպված լինեն գնալու արտահերթ ընտրությունների: Փորձը ցույց է տալիս, որ հերթական ընտրություններում Հայաստանում ոչինչ փոխել հնարավոր չէ, իսկ արտահերթ ընտրությունների ժամանակ իշխանությունների ոտքի տակ չկա այն հողը, որի վրա իրենք կանգնում են»,- «168 Ժամ» թերթի հետ զրույցում ասել է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:
Մեջբերելով առաջին նախագահ, 2008թ. նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի ձևակերպումները՝ Վարդան Հարությունյանը նշել է, որ իրավիճակն այնպիսին պետք է դառնա, երբ պետական մեքենան, ավազակապետությունը կազմաքանդված լինի, որպեսզի ընտրությունների ընթացքում իշխանությունը չկարողանա օգտագործել ավանդաբար գործածվող հնարքները: «Եթե դրան Րաֆֆի Հովհաննիսյանն ինչ-որ քայլերի արդյունքում կարողանա հասնել կամ գոնե մոտեցնել դրան՝ դա շատ արդյունավետ կլինի»,- նշել է իրավապաշտպանը: Վարդան Հարությունյանը համոզված է, որ իրավիճակի փոփոխություն կարելի է ակնկալել միայն նախագահի արտահերթ ընտրությունների պարագայում: Նրա համոզմամբ, խորհրդարանական ընտրություններով շատ քիչ բան է հնարավոր փոխել, ՀՀ քաղաքացիները, ընտրողները ևս փոփոխությունները կապում են նախագահի ընտրությունների հետ և փողոց դուրս են գալիս հենց այդ ժամանակ: «Որպես կանոն՝ մարդիկ հրապարակ են դուրս գալիս հինգ տարին մեկ՝ նախագահական ընտրություններին, քանի որ հենց այդ ժամանակ են կարողանում գնահատել իրենց քվեն»,- նշել է Վարդան Հարությունյանը: Խոսելով Րաֆֆի Հովհաննիսյանի հետընտրական քայլերից մեկի՝ Սահմանադրական դատարան դիմելու երեկվա որոշման մասին՝ իրավապաշտպանը նկատել է, որ դրական արդյունք դժվար է ակնկալել այդ քայլից: Նրա խոսքով՝ նախորդ ընտրությունների ժամանակ նույնպես ընդդիմության թեկնածուները գնացել են այդ ճանապարհով, պահպանել են բոլոր իրավաբանական նորմերը, սակայն որևէ արդյունքի չեն հասել, քանի որ Հայաստանում հնարավոր չէ հասնել արդարադատության, եթե դու իշխանություն չես: «Սահմանադրական դատարանն, իհարկե, պաշտպանելու է իշխանության շահը, քանի որ դա բոլորովին էլ սահմանադրական չէ, և բոլորովին էլ դատարան չէ»,- ասել է Վ. Հարությունյանը:
Անդրադառնալով քաղաքական դաշտի հնարավոր վերադասավորումներին՝ Վարդան Հարությունյանը ևս համոզմունք է հայտնել, որ շատերը սպասում են Րաֆֆի Հովհաննիսյանի հետագա գործողություններին, և հստակության դեպքում նրան միացողներ անպայման կլինեն: «Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է բաց լինի, չվանի որևէ մեկին, և այդ իմաստով սպասելիքներ կան»: Վարդան Հարությունյանը նկատել է՝ եթե Րաֆֆի Հովհաննիսյանը երկարատև պայքարի մասին է ակնարկում, պետք է նման դեպքում հրապարակի երկարատև գործողությունների ծրագիր: Ըստ մեր զրուցակցի՝ Րաֆֆի Հովհաննիսյանի գործողությունների ծրագրի հստակեցման դեպքում նույնիսկ Հայ ազգային կոնգրեսի կողմից «Ժառանգության» նախագահին սատարելու միտումներ կլինեն, թեև դա իբրև հավանական սցենար` այնքան էլ չի դիտարկվում: «Ես հիշում եմ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրված լինելու մասին: Ես ամբիցիա չտեսա, ընդհակառակը` քայլ տեսա դեպի Րաֆֆի Հովհաննիսյանը»,- ասել է Վարդան Հարությունյանը: Նրա խոսքով՝ անկախ ԲՀԿ-ի նկատմամբ ունեցած վերաբերմունքից, հնարավոր չէ նաև հաշվի չնստել քաղաքական այդ ուժի հետ: «Բոլոր նրանք, ովքեր քաղաքականությամբ փորձում են ինչ-որ բան փոխել երկրում, ուզում են ինչ-որ բան անել՝ ունենալով հենարան, ուզեն թե չուզեն, հարգեն` չհարգեն, փորձելու են հաշվի առնել այդ ուժին»,- նկատել է Վ. Հարությունյանը: Հարցին, թե որքանո՞վ է հավանական, որ ԲՀԿ-ն կմիանա կամ կսատարի Րաֆֆի Հովհաննիսյանի շարժմանը, եթե հաշվի առնենք նաև ՀԱԿ-ի ձախողված փորձը՝ այս ուժի հետ համագործակցելու առումով, Վ. Հարությունյանը պատասխանել է. «ԲՀԿ-ն կգնա ընդդիմադիր դաշտ միայն մի դեպքում, եթե վստահ լինի, որ հաղթանակը 100 տոկոսանոց է, բայց որ ԲՀԿ-ն միանշանակ այլևս իշխանական դաշտում չէ՝ դա նույնպես փաստ է»: Վ. Հարությունյանի կարծիքով, միանշանակ է նաև այն փաստը, որ իշխանություններն անակնկալի են եկել՝ տեսնելով Րաֆֆի Հովհաննիսյանի ստացած ձայները, քանի որ հաշվի չէին առել այն հանգամանքը, որ ընտրողները կարող են ձայնը տալ ոչ միայն հանուն ինչ-որ թեկնածուի, այլև ընդդեմ որևէ մեկի: Իշխանության հետընտրական հանգստությունը ևս, ըստ Վ. Հարությունյանի, թվացյալ է: «Վստահ եմ, որ վերին ատյաններում հանգստություն հաստատ չունեն, մտածում են՝ ինչպե՞ս անեն, որ խնդիրը հարթեն: Միջին օղակներն են հանգիստ, որովհետև մտածում են՝ շեֆն այդ հարցը կլուծի»,- նշել է Վ. Հարությունյանը՝ ավելացնելով, որ առայժմ փոխզիջման գնալու որևէ ցանկություն Սերժ Սարգսյանի կողմից նկատելի չէ, ավելին՝ իշխանությունները դրան սովոր չեն:

Տեսանյութեր

Լրահոս