«Այն ո՞վ է, այն ո՞վ». մամուլ
Գրող Արփի Ոսկանյանը շարունակում է քաղքական հանելուկներ ներկայացնել: «Հայկական Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում տպագրվել է նրա հերթական «Այն ո՞վ է, այն ո՞վ» վերնագրով հանելուկը:
Այն ո՞վ է, այն ո՞վ
Բանկիր է նա, սիրում է փող՝
Ուտել, մարսել, լվանալ,
Օվշորային գոտիներում
Ունի հսկա կապիտալ։
Շատ սիրում է նաև ոսկի,
Հատկապես մեծ քանակով,
Ոսկու պաշար մի ողջ երկրի
Կարող է անել տակով։
Սիրում է ռոք ու ռոքերներ
Ու նկարվել կիթառով,
Պահում է բլոգ ու բլոգերներ
Կուշտ, տակը չոր, ապահով։
Երազող է նա մի խոշոր,
Ունի ճոխ-ճոխ ծրագրեր,
Թե ոնց սարքի երկիրն օվշոր,
Ոնց ծաղկեցնի քաղաքներ։
Գյուղն էլ է շատ հարգում-սիրում
Ու երազում զարգացնել,
Չի զլանում նա գյուղացուն
Սովորեցնել կով կթել։
Ով գաղթում է դուրս` մի գործի,
Ասում է՝ հաջողություն,
Որ չմնա ու չփորձի
Անել հեղափոխություն։
Կնոջն անգամ, զավակներին
Հանուն ապահովության,
Դարձրել է քաղաքացի
Ուրիշ, կարգին պետության։
Հայերենից չի ակնածում,
Հարգում է այլ լեզուներ,
Ցանկանում է վերաբացել
Ռուսալեզու դպրոցներ։
Ինքը՝ այդքան կոսմոպոլիտ,
Առաջադեմ, լայնախոհ,
Բլոգերներն իր՝ կղերամիտ,
Ազգայնական, հոմոֆոբ։
Ուզո՞ւմ է նա, թե՞ չի ուզում
Բազմազանության շքերթ,
Այս հարցերն են նրան հուզում՝
Թե ի՞նչ, որտե՞ղ, մեկ էլ՝ ե՞րբ։
ԱՐՓԻ ՈՍԿԱՆՅԱՆ