Հիմնվել է Հայաստանի պատանի փրկարարների ասոցիացիա
Առաջին մանկապատանեկան հրշեջ-փրկարարական մրցաշարը Հայաստանում
ՀՀ ԱԻ նախարարության աջակցությամբ այսօր Երևանի Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոցում Հայաստանում 1-ին անգամ անցկացվեց պատանի հրշեջ-փրկարարների մրցաշար։ Հիմնական նպատակն էր հիմք դնել մանկապատանեկան հրշեջ-փրկարարական շարժման համար և ստեղծել պատանի փրկարարների ասոցիացիա։
Ծրագրում ներառված էին փրկարարական և առաջին բուժօգնության հմտությունների ու կարողությունների, ինչպես նաև ընդհանուր գիտելիքների ցուցադրում: Մրցաշարին մասնակցում էր դպրոցի 9-11-րդ դասարանների 3 հավաքական թիմ, որոնցից յուրաքանչյուրն ունի ղեկավար և 7 մասնակից: Մրցաշարի մրցավարական կազմի մեջ ընդգրկված էին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցներ:
Մրցաշարում ընդգրկված էին հետևյալ ձևերը՝
1.Մարաթոն (յուրաքանչյուր թիմից 4 մասնակից), որը բաղկացած է հետևյալ փուլերից՝ փրկարարական հանգույցների կապում կառուցատարերից, արգելքների հաղթահարում և այլն:
2.Տուժածին առաջին բուժօգնության ցուցաբերում ( տուժածի վիճակի գնահատում, կողքի ապահովման դիրքի բերում, կոտրվածքների դեպքում բեկակալների տեղադրում և արյունահոսության դադարեցում):
3.Պատի կայծակնաթերթի հրապարակում և գեղարվեստական հմտություններ:
Վերջնական արդյունքներով 3-րդ մրցանակային տեղը գրավեց 9-րդ դասարանցիների հավաքական «ՍՕՍ» թիմը, 2-րդ տեղում էր 10-րդ դասարանցիների «ՀՀ թիվ 1 ջոկատը», իսկ 1-ին պատվավոր հորիզոնականում` 11-րդ դասարանցիների «Ժառանգներ» թիմը։ Մասնակիցները պարգևատրվեցին դպրոցի տնօրինության և ՀՀ ԱԻՆ դիպլոմներով:
ՓԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանի խոսքերով` հրշեջ-փրկարարական հմտություններին և առաջին բուժօգնության հիմունքներին տիրապետելը կարևոր է երեխաների համար` սեփական անվտանգությունն ապահովելու և անհրաժեշտության դեպքում ուրիշներին օգնություն ցույց տալու համար։
Դպրոցի տնօրեն Կարինե Զատիկյանը նշեց, որ նման միջոցառումները շատ կարևոր են երեխաների իրազեկվածությունը բարձրացնելու և ոգևորելու համար։
Միջոցառման կազմակերպիչներից աշխարհագրության ուսուցչուհի Ելենա Սարգսյանի վկայությամբ` նույնիսկ փոքր տարիքի երեխաներն էին խնդրում մասնակցել մրցաշարին, ինչը նշանակում է, որ նման մրցումներն ավանդական են դառնալու և օրինակ ծառայեն մյուս դպրոցների համար։
Մրցաշարից հետո կայացած հիմնադիր ժողովում որոշում է կայացվել ստեղծել Հայաստանի պատանի փրկարարների ասոցիացիա։ Երեխաների առաջարկությամբ` միաձայն ասոցիացիայի պատվավոր նախագահ է ընտրվել ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանը։