«Հումանիտար բեռի մուտքի արգելքը կհաստատի ԼՂ-ում ցեղասպանություն իրականացնելու՝ Բաքվի նպատակը». Նիկոլ Փաշինյան

Այսօր Կառավարության հերթական նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Հայաստանից Արցախի Հանրապետություն ուղարկված հումանիտար բեռին, որն այս պահին Հակարիի կամրջի մոտ է, քանի որ Ադրբեջանը թույլ չի տալիս, որպեսզի բեռները մտնեն Արցախ։

«Երեկ 361 տոննա հումանիտար օգնություն է ուղարկվել Լեռնային Ղարաբաղ, 19 բեռնատար ավտոմեքենաներով։ Երեկ բեռնատարները հասել են Սյունիքի մարզի Կոռնիձորի հատված՝ Լաչինի միջանցքի մուտքի հատված։ Մենք խնդրել ենք, որպեսզի Լեռնային Ղարաբաղում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչներն ընդունեն բեռը և տեղափոխեն Լեռանային Ղարաբաղ, որտեղ Լաչինի միջանցքի շուրջ 8 ամիս ապօրինի արգելափակված լինելու հետևանքով հաստատված է հումանիտար ճգնաժամ։ Սակայն Ադրբեջանը խոչընդոտում է հումանիտար բեռների մուտքը Լաչինի միջանցք և Լեռանային Ղարաբաղ։ Այս գործելակերպն անհասկանալի և անընդունելի է։ Լաչինի միջանցքն ապօրինի արգելափակելու Ադրբեջանի պատճառաբանությունն այն էր, թե իբր Հայաստանը միջանցքն օգտագործում է ռազմական նպատակներով։ Սա, իհարկե, անհեթեթ պնդում է, բայց այդ պնդումն օգտագործվում էր որպես պատրվակ՝ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման համար»,- նշեց Նիկոլ Փաշինյանը և մեկ առ մեկ թվարկեց, թե Արցախի Հանրապետություն ուղարկված 19 բեռնատարներում ինչ ապրանքներ են գտնվում։

Նա նաև տեղեկացրեց, որ բեռնատարների Երևանից շարժվելուց առաջ ՀՀ-ում օտարերկրյա դիվանագետները հրավիրվել ու ծանոթացել են Շահումյանի հրապարակում կայանած բեռների պարունակությանը։

«Հետևաբար՝ ինչո՞ւ Ադրբեջանը թույլ չի տալիս բեռների մուտքը Լեռնային Ղարաբաղ, մի՞թե ոչ այն նպատակով, որ Ադրբեջանը ցանկանում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդին սովի մատնել  ու ցեղասպանել։ Անկախ մեր գնահատականներից, մենք սպասում ենք ՌԴ խաղաղապահ զորախմբի ու պաշտոնական Բաքվի դրական արձագանքին։ Հումանիտար բեռի թույլ չտալն ընդամենը կհաստատի Լեռնային Ղարաբաղում ցեղասպանություն իրականացնելու Բաքվի մտադրության մասին մտավախությունները»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս