Սպիտակ տունը հաստատել է, որ Օբաման Սանկտ Պետերբուրգում մասնակցելու է G-20-ի գագաթաժողովին
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ`Սպիտակ տունը հաստատել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մտադիր է այցելել Սանկտ Պետերբուրգում կայանալիք G-20-ի գագաթաժողովին: Սպիտակ տան տարածած հաղորդագրությունում ասվում է, որ նախագահ Բարաք Օբաման այցելելու է Սանկտ Պետերբուրգ` մասնակցելու համար սեպտեմբերի 5-6-ին այնտեղ կայացող G-20-ի գագաթաժողովին:
Փետրվարին Ռուսաստանի փոխարտգործնախարար Գենադի Գատիլովը հայտարարել էր, որ երկու երկրների առաջնորդներ Վլադիմիր Պուտինն ու Բարաք Օբաման այդ գագաթաժողովում քննարկելու են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը:
Իսկ Կրեմլի մամուլի ծառայությունը երեկ հայտնել է, որ Պուտինն ու Օբաման երկկողմանի հանդիպում են անցկացնելու այս տարվա հունիսի 17-18-ին Հյուսիսային Իռլանդիայում կայանալիք G-8-ի գագաթաժողովում: