Ադրբեջանի կողմից ռազմական էսկալացիայի հավանականությունը մեծ է. Կարեն Իգիթյան

Ադրբեջանը մի կողմից՝ կրակում է Հայաստանի ու Արցախի խաղաղ բնակավայրերի ուղղությամբ, մյուս կողմից՝ քարոզչություն իրականացնում, թե՝ «հայկական կողմն է սադրանքներ իրականացնում, կառուցողական չէ և չի ուզում գնալ խաղաղության»։ Մինչդեռ Ադրբեջանն է արդեն ավելի քան 200 օր Արցախն ու 120 հազար արցախահայերին պահում շրջափակման մեջ, զուգահեռաբար խոչընդոտում խաղաղ բնակչությանը գյուղատնտեսական աշխատանքներ կատարել, կրակ է արձակում նրանց և գյուղատնտեսական տեխնիկայի ուղղությամբ։ Հայաստանյան փորձագետները համոզված են՝ Ադրբեջանը պատրաստվում է ռազմական նոր գործողությունների, այդ պատճառով էլ միջազգային հանրությանն ի սկզբանե տրամադրում է Հայաստանի դեմ։

168.am-ի հետ զրույցում Տարածաշրջանային հարցերով փորձագետ, «Հայկական նախագծի» համահիմնադիր Կարեն Իգիթյանն ասաց, որ այս պահին Ադրբեջանի կողմից ռազմական էսկալացիայի հավանականությունը մեծ է։

«Ադրբեջանը շատ լավ տեսնում է, թե ինչ վիճակում է այս պահին գտնվում Հայաստանի պաշտպանական համակարգը, այդ պատճառով էլ փորձում է օգտվել իրավիճակից ու հենց այս ժամանակաշրջանից»,- նշեց Կարեն Իգիթյանը։

Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակում կան բոլոր հնարավորությունները դաշնակիցների հետ համագործակցելով առաջ գնալ, օրինակ, Իրանի հետ։

Կարդացեք նաև

«Կարող են Իրանի հետ զորավարժություններ անցկացնել հենց ՀՀ տարածքում, երբ Իրանի զորքերը փաստացիորեն գտնվեն ՀՀ տարածքում, Ադրբեջանի ագրեսիայի հնարավորությունը շատ ավելի նվազ է լինելու։ Այս ամենին զուգահեռ՝ պետք է նաև շտապ վերազինել բանակը, որը մինչ օրս արված չէ»,- հավելեց փորձագետը։

Դիտարկմանը, որ ՀՀ ղեկավարությունը մշտապես հայտարարում է, թե բանակում մեծ բարեփոխումններ է իրականացնում, սակայն դրա մասին չի բարձրաձայնում, Կարեն Իգիթյանը նկատեց՝ իհարկե, ամեն մանրուք չպետք է բարձրաձայնել, բայց Հայաստանում հաշվի առնելով բանակի կազմը, հնարավոր չէ, որ բանակում որևէ լուրջ փոփոխություն լինի, և հայ ժողովուրդը դրա մասին չիմանա։

«Պատերազմի ժամանակ հնարավոր էր ժողովրդին խաբել, որովհետև լրատվական հոսքերը՝ բանակ-հասարակություն, փակ էին հասկանալի պատճառներով։ Պատերազմի օրերին իշխանությունը հայտարարում էր, թե լավ լուրեր կան, բայց դեռ չենք կարող ասել, միչդեռ Արցախի գյուղերն ու շրջանները մեկը մյուսի հետևից հանձնվում էին թշնամուն»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Հարցին՝ շրջափակված Արցախին ի՞նչ ճակատագիր է սպասվելու, եթե Ադրբեջանը դիմի ռազմական էսկալացիայի, արդյո՞ք հայկական կողմը կարող է միայն ապավինել ռուս խաղաղապահներին, Կարեն Իգիթյանը պատասխանեց, որ Հայաստանն ու Արցախն ունեն պոտենցիալ Ադրբեջանից եկող սպառնալիքների դեմ։

«Այսինքն՝ ի վիճակի են այնպես արձագանքել, որ Ադրբեջանը կա՛մ հրաժարվի իր պլաններից, կա՛մ, եթե իրականացնի այդ ագրեսիան, ապա կոշտ պատասխան կստանա։ Սակայն սրա համար Արցախում ու Հայաստանում պետք է լինեն բոլորովին ուրիշ կառավարություն, լինեն ազգային ղեկավարներ և ամեն ինչ անեն ոչ թե՝ մուրալով խաղաղության հասնելու համար, ինչպես անում է Փաշինյանի թիմը, այլ՝ հենց ամեն ինչ անեն Արցախի ու Հայաստանի անվտանգության համար։ Սա բոլորովին այլ բան է, որը ուրիշ ղեկավարներ ու ուրիշ միջոցներ է պահանջում»,- եզրափակեց Կարեն Իգիթյանը։

Տեսանյութեր

Լրահոս