Չինաստանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը

ԱՄՆ-ն պետք է դադարեցնի Թայբեյին զենք վաճառելը և Թայվանի նեղուցում լարվածության նոր գործոններ ստեղծելը։ Ինչպես տեղեկանում ենք «РИА Новости» գործակալությունից, այս մասին ճեպազրույցում հայտնել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ պետքարտուղարությունը թույլատրել է 440 միլիոն դոլար ընդհանուր գումարի զինամթերքի ու ռազմական տեխնիկայի հնարավոր վաճառքը Թայվանին:

«Չինաստանի այն դիրքորոշումը, որ մենք վճռականորեն դեմ ենք հանդես գալիս ԱՄՆ-ի և Թայվանի զինվորականների շփումներին, ինչպես նաև կղզուն ամերիկյան զենք վաճառելուն, միշտ եղել է հստակ և հետևողական», – հայտարարել է դիվանագետը՝ մեկնաբանելով Վաշինգտոնի համապատասխան որոշումը։

Նա ընդգծել է, որ «ԱՄՆ-ն պետք է խստորեն պահպանի «մեկ Չինաստանի» սկզբունքը և ամերիկա-չինական երեք համատեղ կոմյունիկեների դրույթները, դադարեցնի սպառազինությունների վաճառքը Թայվանին, դադարեցնի Թայվանի նեղուցում լարվածության նոր գործոնների ստեղծումը և խաղաղությունն ու կայունությունը վտանգելուն»:

Թայվանի շուրջ իրավիճակն զգալիորեն սրվել է անցյալ տարվա օգոստոսի սկզբին ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի այն ժամանակվա խոսնակ Նենսի Փելոսիի՝ կղզի կատարած այցից հետո։ Չինաստանը, որը կղզին համարում է իր նահանգներից մեկը, դատապարտել է Փելոսիի այցը՝ այդ քայլում տեսնելով ԱՄՆ-ի աջակցությունը թայվանական անջատողականությանը, և լայնածավալ զորավարժություններ է անցկացրել:

Տեսանյութեր

Լրահոս