Բաժիններ՝

Կողբ գյուղում երկրորդ անգամ կանցկացվի «Սեպտեմբերֆեստ» մրգօղու փառատոնը

Այս աշնանը՝ սեպտեմբերի 23-ին, Տավուշի մարզի Կողբ գյուղում երկրորդ անգամ կանցկացվի «Սեպտեմբերֆեստ» մրգօղու փառատոնը։

«Տավուշն ու հատկապես Կողբ գյուղը տարիներ շարունակ առանձնացել են իրենց հյուրընկալությամբ, պատմամշակութային կոթողներով և անմահական բերքուբարիքով։ Բացի այդ՝ Տավուշի մարզը գտնվում է կլիմայական այն գոտում, որտեղ աճում են գրեթե բոլոր մրգերն ու հատապտուղները։ Այսպես ընտրվեց Հայաստան ժամանած հյուրերի և մեր հայրենակիցների համար Հայաստանը ներկայացնող յուրօրինակ ապրանքանիշ դարձած մրգօղու (քաշած օղու) փառատոնի վայրը», – նշեց փառատոնի կազմակերպիչ Կարեն Քոչարյանը։

Փառատոնի ընթացքում տեղի կունենա ինչպես տեղական, այնպես էլ ՀՀ մյուս բնակավայրերի բարիքներից ստացված մրգօղիների ցուցադրություն և վաճառք։ Մրգօղիների ցուցադրությանը զուգահեռ հնարավորություն կլինի նաև համտեսելու տարատեսակ խորտիկներ, ծանոթանալու տեղացի տաղանդավոր արհեստագործների և նրանց սաների աշխատանքներին, մասնակցելու մրցույթների և սեղանի խաղերի առաջնությունների։

Փառատոնը կունենա նաև համերգային հատված, որտեղ իրենց ելույթներով հանդես կգան Արսեն և Արթուր Սաֆարյանները, ինչպես նաև Another story band-ը։

Ցուցադրությանը իրենց տաղավարներով կարող են մասնակցություն ունենալ ինչպես խոշոր, այնպես էլ միջին և անհատ արտադրողներ ողջ Հայաստանից։ Որպես մասնակից տաղավար ամրագրելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հղումը։

Սեպտեմբերյան տոնախմբության մասին մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ փառատոնի ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերից։

Հիշեցնենք, որ «Սեպտեմբերֆեստ» մրգօղու փառատոնը առաջին անգամ իրականացվեց  2019 թվականին ու իր շուրջ համախմբեց 2000-ից ավելի այցելուների և բազմաթիվ արտադրողների։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս