Ադրբեջանի՝ Արցախն առանց հայերի թողնելու նպատակը դատապարտված է ձախողման. Արցախի ԱԺ պատգամավոր
Այսօր Արցախի Հանրապետության խորհրդարանն արտահերթ նիստում Ադրբեջանի ագրեսիան դատապարտող հայտարարություն ընդունեց՝ կոչ անելով Վաշինգտոնում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին և հայկական պատվիրակությանը՝ դադարեցնել Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ ընթացող բանակցությունները, մինչև Ադրբեջանը թղթի վրա հստակ չամրագրի, որ պահպանում է Արցախի հետ սահմանի ու Հայաստանի սահմաններին հրադադարը։
Նիստի ընթացքում ելույթով հանդես եկավ ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը՝ ընդգծելով, որ Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները։
«Կիրառելով ականանետեր ու ԱԹՍ-ներ, գիշերը Մարտակերտի ու Մարտունու դիրքերի ուղղությամբ իրականացրել է ահաբեկչական գործողություններ, որի արդյունքում ունեցել ենք անդառնալի մարդկային կորուստներ։ Լիակատար շրջափակումը, ուժի սպառնալիքի միջոցով Արցախն առանց հայերի թողնելու Բաքվի իշխանությունների հետևողական քաղաքականությունը և ժամանակ առ ժամանակ ուժի կիրառումն ապացուցում են Արցախում Ադրբեջանի կողմից էթնիկ զտումներ իրականացնելու վերջնանպատակի գոյությունը։
Ամերիկյան միջնորդությամբ բանակցային գործընթացին և խաղաղությանը պատրաստվելու Ադրբեջանի դիվանագիտական հռետորաբանությանը զուգահեռ՝ Արցախում իրականացվում է ռազմական ագրեսիա, որն էլ, ինչպես տեսնում ենք՝ արվում է տարածաշրջանը լարված պահելու, Արցախի հարցը հայաթափմամբ լուծելու հստակ քայլերի ու տրամաբանական հաջորդականությամբ»,- եզրափակեց Արթուր Հարությունյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում