Րաֆֆի Հովհաննիսյանը համամիտ չէ Ռուբեն Հախվերդյանի հետ
Րաֆֆի Հովհաննիսյանը իր համակիրների և «Ժառանգության» ներկայացուցիչների հետ Ազատության հրապարակից շարժվեց դեպի Մյասնիկյանի արձանին հարող հրապարակ` ծաղիկներ դնելու և հարգանքի տուրք մատուցելու մարտի 1-ի զոհերի հիշատակին:
Մինչ այդ լրագրողների հետ զրույցում Րաֆֆի Հովհաննիսյանը ընթերցեց մարտի 1-ի 10 զոհերի անունները և ասաց.«Իրենք Մարտի 1-ի մեր ազգային ողբերգության նահատակներն են, և այսօր մենք խոնարհվում ենք իրենց հիշատակի առաջ և երդում ենք տալիս, որ այլևս երբեք հայրենի հողի վրա հայ մարդու արյունը չի հոսելու»:
Րաֆֆի Հովհաննիսյանը անդրադարձավ նաև երեկ Ազատության հրապարակում երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանի կողմից հնչեցված հայտարարութանը, թե «ի՞նչ է նշանակում, որ հեռավոր ադրբեջանական գավառից եկած մարդը պետք է մեզ ղեկավարի. դա նորմա՞լ է»:
Ի պատասխան այն հարցին, թե արդյո՞ք դուք ծանոթանում եք ելույթի տեքստերին և համամի՞տ եք Ռուբեն Հախվերդյանի հնչեցրած տեսակետին, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Ոչ, համաձայն չեմ, բայց սա Ազատության հրապարակն է, և ես ելույթ ունեցողները տեքստերին նախապես չեմ ծանոթանում: Ես դեմ եմ գրաքննությանը, ազատությունը պատկանում է բոլորին, անգամ նրանց, ովքեր տեսակետ են արտահայտում պաստառների միջոցով, որոնք ուղղված են իմ դեմ, թեպետ անհիմն են, բայց սա Ազատության հրապարակն է»:
Ինչ վերաբերում է այն հարցին,թե Րաֆֆի Հովհաննիսյանը արդյոք կդիմի՞ Սահմանադրական դատարան, թե՞ ոչ, վերջինս պատասխանեց. «Սահմանադրական դատարան դիմելու կամ չդիմելու որոշումը մենք խորհրդի կարգով և ոչ թե քվեարկությամբ վաղը կքննարկենք հայ ժողովրդի հետ, և ես` որպես ժողովրդի վստահությունը վայելող քաղաքացի, հաջորդ օրը` կիրակի՝ ամսի 3-ին, վերջնական որոշումը կկայացնեմ»:
168.am-ի տեսանյութը շուտով