ՀԱՊԿ-ի հերթական գագաթնաժողովը տեղի կունենա նոյեմբերին Մինսկում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի hերթական նստաշրջանը տեղի կունենա նոյեմբերին Մինսկում։ Այդ մասին, հայտարարել է Բելառուսի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ալեյնիկը Մինսկ ժամանած ղազախ պաշտոնակից Մուրատ Նուրտլեուի հետ բանակցություններից հետո։
«(Խմբ.՝ Բելառուսի և Ղազախստանի) նախագահները հանդիպել են համեմատաբար վերջերս՝ 2022 թվականի հոկտեմբերին, Աստանայում: Իսկ այս տարվա նոյեմբերին մենք սպասում ենք Ղազախստանի նախագահի մասնակցությունը Մինսկում կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին», – ասել է Ալեյնիկը:
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախորդ նստաշրջանը տեղի է ունեցել 2022 թվականի նոյեմբերի 23-ին Երևանում։
ՀԱՊԿ-ի բարձրագույն մարմնի՝ Հավաքական անվտանգության խորհրդի կազմի մեջ են մտնում կազմակերպության անդամ պետությունների ղեկավարները։ ՀԱՊԿ-ի կազմի մեջ են մտնում Հայաստանը, Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Բելառուսը. վերջինս 2023 թվականին նախագահում է ՀԱՊԿ-ում: