Փաստաբանների անունից հեռուստացույց ենք ուզում նվիրել Աննա Վարդապետյանին. Վարազդատ Հարությունյան
Մի խումբ փաստաբաններ այսօր կարմիր ժապավենով հեռուստացույց նվիրեցին գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։ Դատախազության մուտքը պաշտպանող ոստիկանները գլխով համաձայնության նշանով հաստատեցին, որ նվերը տեղ կհասնի դատախազին:
Փաստաբան Վարազդատ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հեռուստացույցը խորհրդանշական նվեր է՝ փաստաբաններին բռնության ենթարկելու հարցով գլխավոր դատախազի դրսևորած անտարբերության համար:
«Մի քանի ամիս առաջ բռնության մեկ այլ դեպք էր տեղի ունեցել կրկին ոստիկանական բաժանմունքում: Երբ դատախազին ԱԺ–ում հարց ուղղվեց, թե ինչ առաջընթաց կա փաստաբանների նկատմամբ բռնության դեպքի քննության վերաբերյալ, նա հայտնեց՝ ինքն այդպիսի դեպք չի հիշում, տեղյակ չէ:
Հիմա հեռուստացույց ենք բերել, որպեսզի տիկին Վարդապետյանը հնարավորություն ունենա հետևելու ՀՀ–ում տեղի ունեցած դեպքերին: Այս հեռուստացույցը, բացի Հանրային հեռուստաընկերությունից, նաև այլ ալիքներ էլ է հեռարձակում, որի շնորհիվ դատախազն արդեն կտեղեկանա մեր երկրում փաստաբանների նկատմամբ բռնության դեպքերի մասին»,- հայտարարեց Վարազդատ Հարությունյանը։
168.am-ն ավելի վաղ հայտնել էր ՝ օրերս ոստիկանները բռնություն էին կիրառել և ձերբակալել փաստաբան Կարեն Ալավերդյանին` ամբաստանյալին ծեծից պաշտպանելու փորձի ժամանակ։ Փետրվար ամսին ոստիկանության Էրեբունու բաժնում առերես հարցաքննության ժամանակ Փաստաբանական պալատի երկու փաստաբաններին ոստիկանները նախ հայհոյել, այնուհետև ծեծի էին ենթարկել։
Վարազդատ Հարությունյանը համոզված է՝ պետք չէ կամուրջներն այրել փաստաբանների հետ, քանի որ հեռու չէ այն օրը, երբ փաստաբանների կարիք նաև իշխանություններն են ունենալու։
Մանրամասները՝ տեսանյութում