«Նախագահ Իլհամ Ալիև եղբորս հետ ձեռք ձեռքի, սիրտ սրտի տալով մեր հարաբերությունները շարունակելու ենք զարգացնել բոլոր ոլորտներում». Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ադրբեջանից վերադառնալով, գրառում է արել Twitter-ում՝ դարձյալ տուրք տալով «մեկ ազգ երկու պետություն» կարգախոսին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Շեշտել է, որ Թուրքիան և Ադրբեջանը ռազմավարական դիրք են զբաղեցնում արևելքի և արևմուտքի միջև։ Թուրք-ադրբեջանական եղբայրությունը գովաբանելով՝ Էրդողանը հավաստիացրել է, որ առևտրից մինչև էներգետիկա, պաշտպանական արդյունաբերությունից մինչև տրանսպորտ ավելի են խորացնելու իրենց համագործակցությունը յուրաքանչյուր ոլորտում։
«Նախագահ Իլհամ Ալիև եղբորս հետ ձեռք ձեռքի, սիրտ սրտի տալով մեր հարաբերությունները շարունակելու ենք զարգացնել բոլոր ոլորտներում»։
Թուրքիայի ղեկավարը նաև անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցին՝ վստահություն հայտնելով, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմամբ տարածաշրջանը կհասնի շատ ավելի բարեկեցիկ պայմանների։
«Իլհամ եղբորս հետ լիարժեք կոորդինացված և համակարգված կերպով իրականացնում ենք այս երկխոսության գործընթացը։ Հավատում եմ նաև, որ, Ալլահի կամքով, մոտ ժամանակներս տեսնելու ենք այս շփումների դրական արդյունքները»։