Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի արտգործնախարարի հետ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի իր պաշտոնակից Ցին Գանի հետ: Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին և գլոբալ խնդիրներին վերաբերող հարցեր:
«Պետքարտուղարը քննարկել է հաղորդակցության բաց ուղիների պահպանման կարևորությունը՝ ԱՄՆ-ՉԺՀ հարաբերությունները պատասխանատու կերպով կառավարելու համար՝ խուսափելու սխալ հաշվարկներից և հակամարտությունից, անդրադարձել է երկկողմ և գլոբալ մի շարք խնդիրների և հստակեցրել, որ ԱՄՆ-ն կշարունակի օգտագործել դիվանագիտական հարաբերությունները՝ մտահոգություն ներկայացնող ոլորտները, ինչպես նաև հնարավոր համագործակցության ոլորտները քննարկելու համար», – նշված է Պետքարտուղարության տարածած հաղորդագրությունում:
Կողմերի միջև հեռախոսազրույցի մասին է հաղորդել նաև Չինաստանի արտգործնախարարությունը: Ըստ հաղորդագրության՝ ՉԺՀ արտգործնախարարն ԱՄՆ-ին կոչ է արել չմիջամտել երկրի ներքին գործերին:
«Ցին Գանը հստակեցրել է պաշտոնական դիրքորոշումները Չինաստանի այնպիսի հիմնական մտահոգությունների վերաբերյալ, ինչպիսին Թայվանն է, ընդգծելով, որ ԱՄՆ-ն պետք է հարգի դրանք, դադարեցնի միջամտությունը Չինաստանի ներքին գործերին և դադարի խարխլել Չինաստանի ինքնիշխանությունը, անվտանգությունը և զարգացումը՝ հանուն մրցակցության», – մեջբերում է ТАСС գործակալությունը հատված հաղորդագրությունից:
Օրերս POLITICO-ն, հղում անելով աղբյուրների, հայտնել էր, որ Բլինքենը հաջորդ շաբաթ նախատեսում է այցելել Չինաստան:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը վերջին շրջանում փորձում էր վերսկսել Պեկինի հետ դիվանագիտական և ռազմական հաղորդակցությունը, որ խաթարվել էր փետրվարին, երբ ԱՄՆ-ն խոցեց Չինաստանի՝ ենթադրաբար լրտեսական օդապարիկը: Այն ժամանակ պլանավորված էր Բլինքենի այցը Չինաստան, սակայն այցը հետաձգվել էր օդապարիկի հետ կապված լարվածության պատճառով: