Բաժիններ՝

Լցանավերի բախումից հետո Իրկուտսկի մարզի Կիրենսկի շրջանում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել

Արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել Իրկուտսկի մարզի Կիրենսկի շրջանում, որտեղ Լենա գետում բախվել են երկու լցանավեր։ Ինչպես տեղեկանում ենք ТАСС գործակալությունից, այդ մասին հայտնել է տարածաշրջանի նահանգապետ Իգոր Կոբզևը։

«Այս պահին ճշտում ենք նավթամթերքի ծավալը, որը լցվել է Լենա գետը: Շրջանում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել… Իրավիճակը բարդացնում է այն փաստը, որ գետը նավարկելի է: Բացի դրանից, հոսանքն ի վար գտնվում են բնակավայրեր: Տեղական իշխանություններն աշխատանքներ են տանում գետից ջրառ թույլ չտալու համար», – գրել է նահանգապետն իր Telegram ալիքում ։

«Ներկայումս նշանակվել է հանձնաժողով: Այդ միջադեպի առնչությամբ կատարվում է քննություն, օպերատիվ միջոցառումները ժամանակին ձեռնարկվել են: Որոշակի մեկնաբանություններ կտրվեն հանձնաժողովի եզրակացությունից հետո», – ТАСС-ին հայտնել են Լենայի գետային նավարկության միավորումում:

«Ռոսպոտրեբնադզորի» Իրկուտսկի մարզի վարչությունում նշել են, որ Լենայի հոսանքից ցած գտնվող բնակավայրերը խմելու ջրով ապահովված են հորերից։

Հաղորդվում է, որ ընդհանուր առմամբ, վթարի շրջանում կա 11 բնակավայր, որոնք կարող են հայտնվել հնարավոր արտակարգ իրավիճակի գոտում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս