Բաժիններ՝

Ուկրաինան Գերմանիային խնդրում է եռապատկել մատակարարվող Leopard տանկերի թիվը

Կիևը Գերմանիայից խնդրում է իրեն է՛լ ավելի շատ տանկեր մատակարարել։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի փոխարտգործնախարար Անդրեյ Մելնիկը Der Tagesspiegel հրատարակությանը տված հարցազրույցում:

«Ուկրաինական բանակն առաջին հերթին շատ ավելի մեծ թվով արևմտյան տանկերի, հետևակի մարտական ​​մեքենաների և այլ զրահատեխնիկայի կարիք ունի», – հայտարարել է Ուկրաինայի փոխարտգործնախարար, Բեռլինում նախկին դեսպան Անդրեյ Մելնիկը։

Նա պարզաբանել է, որ փոխանցված սպառազինությունների մի մասի` մարտերում կորստի պատճառով «յուրաքանչյուր Leopard 2-ը բառացիորեն ոսկու կշիռ ունի Ուկրաինայի զինված ուժերի վճռական հարձակման համար»։ Մելնիկի կարծիքով՝ Գերմանիան ի վիճակի է Կիևին ավելի շատ տանկեր փոխանցել, քան արդեն մատակարարված 18-ը Բունդեսվերի պաշարում առկա ավելի քան 300 տանկերից, և ներկայիս թիվը կարող է «եռապատկվել՝ սպառնալիքի տակ չդնելով Գերմանիայի պաշտպանունակությունը»։

Միաժամանակ Անդրեյ Մելնիկը ԳԴՀ-ին խնդրել է ուկրաինական զինված ուժերին փոխանցել ևս 60 Marder հետևակի մարտական ​​մեքենաներ, ինչպես նաև Taurus թևավոր հրթիռներ և Կիևին օգնել հզոր օդուժ ստեղծելու գործում: Մելնիկը հավելել է, որ Ուկրաինան սպասում է «Գերմանիայի ռազմավարական որոշմանը՝ ակտիվորեն մասնակցելու կործանիչների մատակարարման կոալիցիային, անհապաղ հնարավորություն ընձեռելու ուկրաինացի օդաչուներին վերապատրաստվել Eurofighter կործանիչների վրա և տրամադրելու ավելի քան 130 ինքնաթիռների մի մասը»։

Ընդդիմադիր Քրիստոնեադեմոկրատական ​​միությունը (ՔԴՄ) պաշտպանել է Բեռլինի ռազմական օգնությունն ավելացնելու Ուկրաինայի փոխարտգործնախարարի կոչը։

«Ուկրաինայի գործընկերները պետք է անհապաղ փոխարինեն ողջ ոչնչացված տեխնիկան, ներառյալ՝ բոլոր Leopard մարտական ​​տանկերն ու զրահափոխադրիչները, ինչպես նաև լրացուցիչ նյութեր մատակարարեն», – Der Tagesspiegel հրատարակությանն ասել է ՔԴՄ-ի`անվտանգության հարցերով փորձագետ Ռոդերիխ Կիզևետերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս