ԵՄ-ում հայտարարել են, որ Ուկրաինայում հակամարտությունը կարող է տևել տարիներ
Եվրամիությունը պատրաստվում է այն բանին, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրությունը կձգձգվի մի քանի տարի։ Այդ մասին այսօր RMS ռադիոկայանի եթերում հայտարարել է ներքին շուկայի հարցերով եվրահանձնակատար Տիերի Բրետոնը։
«Մենք պատրաստվում ենք այն բանին, որ այս պատերազմը կշարունակվի երկար, – ասել է նա։ – Մարտական գործողությունների մեծ ինտենսիվությամբ պատերազմները Եվրոպայի տարածքում, ցավոք, նախկինում շարունակվել են մի քանի տարի: Ուստի մենք պատրաստվում ենք դրան»։
Բրետոնը հավելել է, որ Ռուսաստանի դեմ հետագա պատժամիջոցների սահմանման հնարավորությունները դեռ սպառված չեն։
«Անշուշտ, հնարավոր են այլ պատժամիջոցներ, բայց ոչ ոք չի ասել, թե Ուկրաինան կհաղթի սահմանափակիչ միջոցների շնորհիվ: Եթե Ուկրաինան երբևիցե հաղթի էլ, ապա ռազմական ճանապարհով, որպեսզի վերադարձնի անհիմն կերպով գրավված տարածքները: Հենց այդ պատճառով էլ ԵՄ-ն և Ուկրաինայի դաշնակիցները նրան տրամադրում են այն ամենը, ինչ անհրաժեշտ է հաղթանակի համար», – նշել է եվրահանձնակատարը:
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Արևմուտքի երկրներն օրեցօր ավելի ու ավելի են ներքաշվում ուկրաինական հակամարտության մեջ, բայց դա արմատապես չի փոխի իրադրությունը և սոսկ կձգձգի մարտական գործողությունները: