Վերադաս դատախազը, պետք է ղեկավարվի ոչ թե գլխավոր դատախազի ենթադրյալ հանձնարարականով, այլ օրենքով. Արթուր Ղամբարյան

Իրավագիտության դոկտոր, քրեական իրավունքի մասնագետ Արթուր Ղամբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այս տարվա սկզբին ՀՀ գլխավոր դատախազը (ԳԴ) մեր տեղեկություններով հանձնարարական է տվել դատախազներին՝ քրեական հետապնդում հարուցելու մասին միջնորդությունը հսկող դատախազի կողմից մերժելու (միջնորդությունը մերժելու) որոշման դեմ քննիչի ներկայացրած առարկությունը չքննարկել՝ վերադարձնել քննչական մարմին՝ առանց դատավարական ակտ կայացնելու, այն հիմնավորմամբ, որ օրենքով քննիչը դատախազի այդ որոշման դեմ առարկություն ներկայացնելու լիազորություն չունի։

Եթե իրականում նման հանձնարարություն առկա է, ապա այդ հանձնարարականի նախագիծը պատրաստած անձը ակնհայտ մոլորության մեջ է գցել ԳԴ-ին՝ այդ եղանակով խաթարելով մինչդատական վարույթի բնականոն ընթացքը և խախտելով վարույթը ողջամիտ ժամկետում ավարտելու հիմնական իրավունքը (սկզբունքը)։

1. Միջնորդությունը մերժելու մասին հսկող դատախազի որոշման դեմ քննիչի կողմից առարկություն ներկայացնելու հարցը որևէ կապ չունի քրեական հետապնդում հարուցելու իրավասության բացառիկության հետ։ Քննիչի առարկությունը լուծում է բացառապես վերադաս դատախազը։ Այսինքն՝ քրեական հետապնդում հարուցելու-չհարուցելու վերաբերյալ հարցը մնում է բացառապես դատախազության իրավասության տիրույթում։

2. Ակնհայտ ապատեղեկատվություն է, որ միջնորդությունը մերժելու մասին հսկող դատախազի որոշման դեմ քննիչն առարկություն ներկայացնելու լիազորություն օրենքով չունի։

ՀՀ քր․ դատ․ օր․-ի 41-րդ հոդվածի 1-ին մասին 22-րդ կետում նշված է․ «քննիչը հսկող դատախազի (․․․) վարութային ակտի (այդ թվում՝ որոշումների՝ Ա․Ղ․) վերաբերյալ եռօրյա ժամկետում առարկություն է ներկայացնում վերադաս դատախազին` չկասեցնելով հանձնարարության կամ որոշման կատարումը»։

2.1. ՀՀ քր․ դատ․ օր․-ի 41-րդ հոդվածի 1-ին մասին 22-րդ կետը պարունակում է էքսպլիցիտ (ուղղակի) և իմպլիցիտ (անուղղակի) ձևակերպված երկու նորմ․ Էքսպլիցիտ նորմը սահմանում է քննիչի` առարկություն ներկայացնելու լիազորությունը (առարկության կանոն), իսկ իմպլիցիտ նորմը լուծում է վիճարկված դատախազական ակտի կատարման կամ դրա կատարումը կասեցնելու հարցը («կատարման կասեցում» կանոն)։

«Առարկության» կանոնի համաձայն՝ եթե դատախազը կայացրել է վարութային ակտ (հիպոթեզ), ապա քննիչն իրավասու է դրա վերաբերյալ ներկայացնել առարկություն (դիսպոզիցիա)։

«Առարկության» կանոնի հիպոթեզում (փաստակազմում) վիճարկվող ակտի կատարման պայմանը նախատեսված չէ։

Ավելի պարզ՝ եթե կայացվել է դատախազական ակտ, ապա անկախ նրանից վիճարկվող ակտը քննիչի կողմից կատարման ենթակա է, թե ոչ, դրա հետևանքն այն է, որ քննիչը այդ ակտի դեմ կարող է առարկություն ներկայացնել։

«Կատարման կասեցում» կանոնի համաձայն՝ եթե վիճարկվող ակտը ենթադրում է քննիչի կողմից կատարում (հիպոթեզ), ապա առարկություն ներկայացնելը չի կասեցնում դրա կատարումը (դիսպոզիցիա)։ Իսկ եթե վիճարկվող ակտը կատարում չի ենթադրում, ապա բացակայում է այս կանոնի կիրառման փաստակազմը։

2.2. ՀՀ քր․ դատ․ օր․-ի 41-րդ հոդվածի 1-ին մասին 22-րդ կետում ամրագրված «առարկության» կանոնը և «կատարման կասեցում» կանոնը պետք է կիրառել ինքնավար՝ «առարկության» կանոնը կիրառվում է անկախ այն հանգամանքից, թե դատախազի վիճարկվող որոշումը կատարում պահանջում է, թե ոչ։

Թեև այս երկու նորմերն ամրագրված են մեկ հոդվածում, սակայն «կատարման կասեցում» կանոնը չի հանդիսանում «առարկության» կանոնի փաստակազմի (հիպոթեզի) տարր, այն ինքնուրույն նորմ է՝ իր փաստակազմով։

Քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունը մերժելու մասին հսկող դատախազի որոշումը քննիչի կողմից կատարում (իրավական կամ փաստական ակտերի կայացում և կատարում) չի պահանջում, ուստի այս պարագայում «կատարման կասեցում» կանոնը պարզապես կիրառելի չէ։

3. Եթե փորձ արվի քննարկվող հարցը դիտարկել մինչդատական ակտերի դատական բողոքարկման սուբյեկտների համատեքստում, որոնց կազմում քննիչը նախատեսված չէ (ՀՀ քր․ դատ․ օր․ 299-րդ և 300-րդ հոդվածներ), ապա դա կվկայի քրեադատավարական պարզունակ զգացողության բացակայության մասին։

Նկատի ունենալով նշվածը, ինչպես նաև ՀՀ քր․ դատ․ օր․-ի 1-ին հոդվածը․

1. Վերադաս դատախազը, պետք է ղեկավարվի ոչ թե ԳԴ ենթադրյալ հանձնարարականով, այլ օրենքով։ Այսինքն՝ պարտավոր է քննարկել քրեական հետապնդում հարուցելու քննիչի միջնորդությունը մերժելու մասին հսկող դատախազի որոշման դեմ ներկայացված առարկությունը և կայացնել որոշում։

2. Եթե վերադաս դատախազն այնուամենայնիվ առարկությունը վերադարձնի քննչական մարմին՝ առանց դատավարական ակտ կայացնելու, ապա քննիչին այլ բան չի մնում, քան վարույթի ընթացքը ՓԱՍՏԱՑԻ կասեցնել՝ վարույթը պահել անշարժ վիճակում՝ համարելով, որ առանց քրեական հետապնդում հարուցելու և անձին մեղադրյալի կարգավիճակ տալու, քննություն կատարելու միջոցները սպառվել են»։

Տեսանյութեր

Լրահոս