Նիկոլ Փաշինյանի «ռեպլիկը»՝ Հովիկ Աբրահամյանին
Այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամին ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով երեկ Արտաշատում «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հավաքի ընթացքում տեղի ունեցած միջադեպին, ասաց. «Եվ քանի որ առիթ եղավ Արտաշատի մասին խոսել, ես ուզում եմ հանրության և խորհրդարանի, և խորհրդարանի գործող նախագահի ուշադրությունը հրավիրել այն փաստի կապակցությամբ, որ Արտաշատը քաղաքական պրոցեսների առումով արդեն իսկ երկար ժամանակ շատ տխրահռչակ տեղ է դարձել, և ամեն անգամ էնտեղ տեղի են ունենում իրադարձություններ, որոնք ցույց են տալիս, որ, ըստ ամենայնի, իշխանական ինչ-ինչ ուժերի հովանավորությամբ, այո՛, այն դեպքերը, որոնք, արտաշատցի ոստիկանապետի գնահատմամբ՝ դիտարկվում են որպես կիսահանցագործ, այդ դեպքերը շատ ակտիվորեն ներգրավում են քաղաքական պրոցեսների մեջ: Եվ եթե դահլիճում կան մարդիկ, ովքեր Արտաշատում ունեն որոշակի ազդեցություն և լծակներ, ուզում եմ այդ մարդկանց ուշադրությունը հրավիրել այս ոչ այնքան ուրախ փաստ վրա»: Այս դիտարկումից վայրկյաններ անց Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, թե երեկ Արտաշատում տեղի ունեցած դեպքի տեսագրությունը կարող են դիտել «ասեկոսե» կայքում: ԱԺ նախագահը նկատի ուներ aseskose.am կայքը, որի մասին այսօր մամուլի ասուլիսին կրկին հիշատակել էր: