ՌԴ մարզերը ենթարկվել են ԱԹՍ-ներով հերթական հարձակման, իսկ Կիևը՝ հերթական գնդակոծության
Գիշերը Կիևը և Ուկրաինայի մյուս քաղաքները հերթական անգամ ենթարկվել են գնդակոծության, որի ընթացքում գործի են դրվել թևավոր հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր:
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ ըստ նախնական տվյալների՝ գիշերը ռուսական ուժերն Ուկրաինայի տարածքի վրա արձակել են 15 թևավոր հրթիռ և 18 ԱԹՍ, որոնք բոլորը խոցվել են:
Կիևի քաղաքային ռազմական վարչակազմն իր հերթին հայտնել է, որ 30-ից ավելի թիրախները խոցվել են Կիևի երկնքում:
Ըստ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի առավոտյան տեղեկագրի՝ Ռուսաստանը շարունակում է իր հիմնական ջանքերը կենտրոնացնել Լուգանսկի և Դոնեցկի հանդեպ լիակատար վերահսկողություն սահմանելու վրա:
Իսկ Ռուսաստանի իշխանությունները հայտնել են տարբեր մարզերում Ուկրաինայի կողմից անօդաչուներով հարվածների մասին: Ըստ Սմոլենսկի մարզի նահանգապետի պաշտոնակատար Վասիլի Անոխինի՝ գիշերը Պերեսնա և Դիվասի գյուղերի վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտները հարձակման են ենթարկվել մեծ հեռահարության երկու ԱԹՍ-ներով: Լուրջ վնասներ չկան:
Կուրսկի մարզի նահանգապետ Ռոման Ստարովոյտն իր հերթին հաղորդել է, որ գիշերը Կուրսկի մերձակայքում խոցվել է ուկրաինական մի քանի անօդաչու թռչող սարք: Նա բնակիչներին կոչ է արել հանգստություն պահպանել՝ հավաստիացնելով, որ քաղաքը գտնվում է զինվորականների հուսալի պաշտպանության տակ:
Իսկ Բրյանսկի մարզում, ըստ նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազի, Ուկրաինայի զինված ուժերը գնդակոծել են Լոմակովկա և Նովայա Պոգոշչ գյուղերը: Տուժածներ չկան: Նովայա Պոգոշչում երկբնակարանային շենք է այրվել: