Բաժիններ՝

Դուք Հայաստանի և աշխարհի ապագան եք․ Հայաստանում Բուլղարիայի դեսպանը հյուրընկալեց Պեյո Յավրովի անվան դպրոցի աշակերտներին

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Հայաստանում Բուլղարիայի դեսպանատանը հյուրընկալվել էին Երևանի Պեյո Յավրովի անվան թիվ 131 դպրոցի աշակերտները և ուսուցիչները։

Միջոցառմանը մասնակցեց և երեխաներին շնորհավորեց ու ողջույնի խոսք հղեց Հայաստանում Բուլղարիայի դեսպան Կալին Վասիլև Անաստասովը։

Դեսպանն ընդգծեց, որ մի քանի օր առաջ Հայաստանում հնչել է այս ուսումնական տարվա վերջին դպրոցական զանգը։ Նրա խոսքով՝ ինչ-որ մեկի համար դա պարզապես հերթական անհոգ ամռան խորհրդանիշն է, սակայն շատ երիտասարդների համար դա նաև կյանքի նոր ճանապարհի սկիզբն էր, իսկ ներկա աշակերտների համար՝ դա կատարված ևս մեկ պարտքի խորհրդանիշն է։

«Սիրելի երեխաներ, դուք Հայաստանի և աշխարհի ապագան եք։ Ձեր երազանքները, տաղանդները և մտքերը իրենց մեջ աշխարհը փոխելու ուժ են կրում։ Եվ այսպես, Հունիսի 1-ին մենք ցանկանում ենք ասել ձեզ, թե որքան յուրահատուկ եք դուք մեզ համար և որքան ենք մենք հպարտանում նրանով, որ դուք մեծանում և զարգանում եք։ Դուք՝ երեխաներդ, ոգեշնչման աղբյուր եք մեզ համար, ձեր ծնողների և ուսուցիչների համար։ Մենք ձգտում ենք օգնել ձեզ դառնալ խելացի, ստեղծագործող և կարեկցող անհատներ։ Ձեր հետաքրքրասիրությունն ու սովորելու ցանկությունն անսահման է։ Այսօր մենք միավորվում ենք, որ շրջապատենք ձեզ խաղաղությամբ և երջանկությամբ»,- ասաց նա։

Դիմելով միջոցառմանը ներկա ուսուցիչներին՝ դեսպանն ընդգծեց, որ նրանք կարևոր դեր են խաղում երեխաների և ընդհանրապես հասարակության կյանքում։ «Ձեր գիտելիքներով, կարողություններով և կյանքի փորձով դուք ոչ միայն երեխաներին օգնում եք զարգանալ և նոր բաներ սովորել, այլ խրախուսում եք, որ նրանք ինքնուրույն և լավ մարդ դառնան։ Դուք կրթության կենտրոնում եք գտնվում և կարևոր դեր եք խաղում մեր երեխաների ապագայի ձևավորման հարցում»,- նշեց դեսպանը։

Հայաստանում Բուլղարիայի դեսպանությունը սերտ համագործակցություն է հաստատել Երևանի Պեյո Յավրովի անվան դպրոցի հետ։ Անցյալ տարի ևս Հունիսի 1-ի և «վերջին զանգ»-ի առիթով դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները հյուրընկալվել էին դեսպանատանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս