Փաշինյան-Ալիև հաջորդ հանդիպումները՝ Արևմուտքում․ ի՞նչ սպասել

Մոսկվայում մայիսի 25-ին կայացած, սակայն որևէ արդյունքի չհանգեցրած Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպմանն ամենայն հավանականությամբ հաջորդելու են Փաշինյան-Ալիև ինտենսիվ հանդիպումներն ու բանակցություններն արևմտյան հարթակում։ Ավելի վաղ ՀՀ կատարած պաշտոնական այցի ընթացքում Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնան էր ազդարարել հունիսի 1-ին Մոլդովայում, մասնավորապես՝ Քիշնևում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Փաշինյան-Մակրոն-Շոլց-Ալիև բանակցություններ։

Սրան, ըստ արդեն ԵԽ նախագահ Շառլ Միշելի, հաջորդելու են հունիսին Փաշինյան-Միշել-Ալիև ձևաչափով բանակցություններ Բրյուսելում։ Միշելի խոսքով, կա  նախնական պայմանավորվածություն՝ նաև հանդիպել հոկտեմբերին Գրանադայում՝ կրկին ԵՔՀ հերթական գագաթնաժողովի շրջանակում։

Ֆրանսիայում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Լեյլա Աբդուլաևան օրերս ասել էր․

«Հուսով ենք՝ հունիսի 1-ին Քիշնևում վերջապես խաղաղության պայմանագիր կստորագրվի»: «Սա պատմական պահ է, որը չի կարելի բաց թողնել»,- հավելել է նա:

168am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ վերջին տարիների ընթացքում առաջին անգամն է, որ Ադրբեջանի ու Արևմուտքի շահերը համընկնում են Ռուսաստանի դեմ և տարածաշրջանային զարգացումների հարցում։ Ըստ նրա, Արևմուտքը և Ադրբեջանը շտապում են օր առաջ ստորագրել այդ համաձայնագիրը, որն այս կողմերից յուրաքանչյուրի համար մի մեծ հարց կլուծի։

«Այս դեպքում Ադրբեջանն իր համար կփակի, ինչ-որ իմաստով՝ Ղարաբաղյան հարցը, իսկ Արևմուտքը կառարկայացնի ռեգիոնից ՌԴ-ի դուրսբերման ծրագիրը։ Հենց սա է պատճառը, որ թեև Մոլդովայում կայանալիք հանդիպմանն Ադրբեջանի համար անցանկալի Մակրոնն է մասնակցելու, սակայն, եթե Հայաստանը պատրաստ լինի ստորագրել, ապա Ադրբեջանը չի վարանի, քանի որ Ադրբեջանն իր համար էական հարցերը լուծել է, իսկ Հայաստանի իշխանությունների համար կարևոր է անվտանգության ապահովման և բանակցային մեխանիզմի հարցը, որը կարծես դեռևս չի լուծվել, հայտարարություններից կարելի է դատել այդ մասին։ Այսինքն՝ այս հարցերն են կանխորոշում ստորագրման փուլը։ Սակայն Ադրբեջանն ու Արևմուտքը պատրաստ են, Ադրբեջանի համար տևական ժամանակ կարևոր էր ԼՂ ճանաչումը Ադրբեջանի կազմում, որը տեղի ունեցավ»,- ասաց վերլուծաբանը։

Ըստ նրա, վաղ է ակնկալել, թե հունիսի 1-ին կստորագրվի, սակայն գործընթացը շատ չի երկարաձգվի։

«Բոլոր ակտիվ կողմերը կփորձեն այդ համաձայնագրով ամրագրել արդեն իսկ արձանագրված պայմանավորվածությունները։ Կարծում եմ, որոշ հարցեր կմնան բաց, ինչպես կոմունիկացիաները թեմաները, քանի որ դա շատ ծավալուն թեմա է, դրա բանակցությունները կարող են շատ երկարաձգվել։

Բացի այդ, ապաշրջափակման բանակցությունները փոխվարչապետների մակարդակով կարծես հիմնականում Ռուսաստանում են տեղի ունենում, և այս հարցերը գուցե մնան ռուսական համակարգման տիրույթում, արդեն հայտնի է, որ նախորդ շաբաթվանից բացի, ևս մեկ հանդիպում փոխվարչապետների միջև կայանալու է հաջորդ շաբաթ, այսինքն՝ այս բաղադրիչով բանակցությունները Ռուսաստանն իր վրա է վերցրել, հենց դա է պատճառը, որ այդ միջանցքի թեմայի շուրջ բանավեճը Մոսկվայում ծավալվեց։

Բնականաբար, ադրբեջանական կողմը, ինչպես մյուս բոլոր թեմաներում, փորձում է հասնել առավելագույն արդյունքի։ Իհարկե, ռուսական կողմի համար ստեղծված իրավիճակը հեշտ չէ, ունի բազմաթիվ ռիսկեր, սակայն Ռուսաստանը փորձում է հարմարվել՝ հասկանալով նաև, որ ժամանակն է շատ հարցեր հստակեցնելու Ռուսաստանի համար։ Ռուսաստանը մեծ պատերազմի մեջ է, ու այդ ամենում կարևորն Ուկրաինան է և այլ ռեգիոններում լարվածությունից խուսափելը»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս