Ճապոնիան ընդլայնել է հակառուսական պատժամիջոցները
Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ խստացնում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ կապված Ուկրաինայի հակամարտության հետ։ Այդ մասին տեղեկանում ենք «Интерфакс» գործակալությունից:
Ինչպես հետևում է հաղորդագրությունից, պատժամիջոցների թարմացված ցուցակներում ներառված են Ռուսաստանից 17 ֆիզիկական անձինք և 78 կազմակերպություններ, որոնց ակտիվները Ճապոնիայում սառեցվում են։ Նաև արտահանման սահմանափակումներ են մտցվում 80 կազմակերպությունների նկատմամբ։Մասնավորապես, պատժամիջոցներ են սահմանվում ռուսաստանցի մի շարք զինվորականների, այդ թվում՝ Հարավային ռազմական օկրուգի 58-րդ համազորային բանակի հրամանատար Միխայիլ Զուսկոյի և ՌԴ ցամաքային զորքերի հրթիռային զորքերի և հրետանու պետ Միխայիլ Մատվեևսկիի նկատմամբ։
Առանձին ցուցակով ներկայացված է յոթ մարդ ԼԺՀ-ից, ԴԺՀ-ից, պատերազմի ընթացքում Ռուսաստանի վերահսկողության տակ անցած Խերսոնի, Զապորոժիեի մարզերից, ինչպես նաև Ղրիմից:
Կազմակերպությունների թվում, որոնց ակտիվները սառեցվելու են, նշվում են «Սվյազ» գիտաարտադրական ձեռնարկությունը, «Մետեոր գործարանը, ավիաարդյունաբերական և պաշտպանական արդյունաբերության տարբեր ձեռնարկություններ։
Արտահանման սահմանափակումները, մասնավորապես, մտցվում են Հեռանկարային հետազոտությունների հիմնադրամի, Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության, «Ավտոմատիկա կոնցեռն» բաժնետիրական ընկերության, ԿԱՄԱԶ ընկերության, «Սկոլկովո» հիմնադրամի և ուրիշների նկատմամբ։
Ավելի վաղ Kyodo-ն, հղում անելով Ճապոնիայի կառավարության աղբյուրի, հաղորդել էր, որ G7-ի երկրները մայիսի 19-21-ը Հիրոսիմայի գագաթնաժողովի նախաշեմին քննարկել են դեպի Ռուսաստան արտահանման գրեթե ամբողջական արգելք սահմանելու հնարավորությունը։ Սակայն հետո Financial Times-ը, հղում անելով իր աղբյուրներին, նշել էր, որ ԵՄ-ի երկրները և Ճապոնիան համաձայն չեն Ռուսաստան արտահանումը գրեթե ամբողջությամբ արգելելու ԱՄՆ-ի առաջարկին։