Ուզում եմ ամենայն պատասխանատվությամբ հայտարարել, որ իրականացվողն իմ նկատմամբ քաղաքական հետապնդում է. Մենուա Սողոմոնյան
«Սա վերաբերում է գործող իշխանությունների կողմից քաղաքական օպոնենտների նկատմամբ հետապնդումներ իրականացնելու հերթական դրսևորմանը»,- Մայր բուհից գումար հափշտակելու մեջ իրեն մեղադրելու մասին հրավիրված ասուլիսում ասաց ԵՊՀ դասախոս, դոցենտ, «Համախմբում» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը: Նա նաև ընդգծեց, որ իրեն վերագրվել է հանցանքի մեղադրանք՝ պաշտոնական դիրք չարաշահելու, կոռուպցիոն սխեմայի մեջ լինելու, հովանավորչությամբ զբաղվելու հատկանիշներով, ինչի առնչությամբ ԵՊՀ-ին պատճառվել է 5.7 միլիոն դրամի վնաս:
«2016թ. մայիսին ԵՊՀ հյուրերի նորակառույց տան համար հայտարարվել է գնման մրցույթ, որի արդյունքում ձեռք է բերվել կենցաղային տեխնիկա, էլեկտրական սարքեր, կոնդիցիոներներ, օդորակիչներ, հեռուստացույցներ, սառնարաններ, արդուկ, ֆեն և այլն: Հյուրատունը պետք էր կահավորել, գործի գցել հրատապ կարգով, որովհետև այն ժամանակ ունեինք շատ գործընկերներ, ովքեր պետք է գային համագործակցության թեմաներով: Գնումների մասին օրենքի համաձայն՝ կազմվում է գնման գնահատման մրցութային հանձնաժողով, հայտարարվել է բաց, հրապարակային մրցույթ, երկու մասնակից է եղել, և այն մասնակիցը, որն առաջարկել է առավել ցածր գումար, համաձայն ընթացակարգի՝ հաղթել և իրականացրել է գնումն ու մատակարարումը:
2018թ. հեղափոխությունից հետո ՊՎԾ-ն մտավ ԵՊՀ և 5 ամիս շարունակ ուսումնասիրություններ իրականացրեց չարաշահումներ հայտնաբերելու կապակցությամբ, ամպագոռգոռ թվեր հայտարարվեցին՝ 700-800 միլիոնի հետ կապված, իբր չարաշահումներ են եղել: Այս ուսումնասիրությունների մեջ, բանից պարզվում է, հայտնվել է հետևյալ գործը՝ իբր այն կազմակերպությունը, որը մատակարարել է ապրանքը, էժան գնով ձեռք է բերել և մեջը 5.7 միլիոնի չափով գումար է աշխատել, և դրա մեջ գնման հանձնաժողովի անդամները, այդ թվում՝ նաև ես, ունենք որոշակի մասնակցություն: Այսպիսով, ինձ վերագրվում է մեղադրանք՝ անհատական կամ խմբային շահագրգռվածություն դրսևորելու, անհատական կամ խմբային շահը համալսարանական կամ պետական շահից վեր դասելու մեջ, որի արդյունքում վնաս է պատճառվել համալսարանին»,- մանրամասնեց Մենուա Սողոմոնյանը՝ հույս հայտնելով, որ դատավարության ընթացքում ամեն ինչ վեր է հանվելու և ինքն արդարացվելու է:
«Ուզում եմ ամենայն պատասխանատվությամբ հայտարարել, որ իրականացվողն իմ նկատմամբ քաղաքական հետապնդում է: Վերջին մեկ տարվա ընթացքում երկրորդ հարուցված քրեական գործն է իմ նկատմամբ: Առաջինը հարուցվեց մեկ տարի առաջ՝ կապված ԱԺ դիմաց ուսապարկերի ակցիայի հետ»,- նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում