«Սևան» մասնաճյուղի տնօրենը թույլատրել է «Սիգ» տեսակի ձկների ապօրինի արդյունահանումը՝ ստանալով կաշառք. դատախազը գործը հանձնել է դատարան
Հսկող դատախազը 2023 թվականի մայիսի 19-ին հաստատել է «Սևան ազգային պարկ»-ի «Սևան» մասնաճյուղում ձկների ապօրինի արդյունահանման, ինչպես նաև՝ կաշառք ստանալու վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել է Հակակոռուպցիոն դատարան:
Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից՝ հիշեցնելով, որ 2019 թվականի հուլիսի 12-ին Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում հարուցվել էր քրեական գործ (վարույթ)՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 292-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝ ջրային կենդանիներ և բույսեր ապօրինի արդյունահանելը): Նախաքննությունը հանձնարարվել էր Գեղարքունիքի մարզային քննչական վարչությանը:
2023 թվականին Գեղարքունիքի մարզի դատախազությունում որոշում էր կայացվել դադարեցնել քրեական հետապնդումը «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Սևան» մասնաճյուղի տնօրեն Ս.Թ.-ի, տեսուչներ Ա.Գ.-ի, Հ.Հ.-ի և քաղաքացիներ Դ.Պ.-ի, Դ.Մ.-ի և Ա.Ու.-ի նկատմամբ՝ մեղսագրվող արարքները չկատարելու և արարքների ապաքրեականացման հիմքով:
2023 թվականի սեպտեմբերի 30-ին, քննիչի որոշմամբ՝ քրեական վարույթը կարճվել էր՝ մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցված լինելու և վարույթը շարունակելու բոլոր հնարավորությունները սպառված լինելու հիմքով:
2023 թվականի հունվարի 7-ին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանի որոշմամբ՝ վերացվել են 2022 թվականի սեպտեմբերի 22-ին Գեղարքունիքի մարզի դատախազության ավագ դատախազի կողմից մեղադրյալներ Ս.Թ.-ի, Դ.Մ.-ի, Ա.Ու.-ի, Դ.Պ.-ի. Ա.Գ.-ի և Հ.Հ.-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնի պետի տեղակալի կողմից 2022 թվականի սեպտեմբերի 30-ին կայացված և հսկող դատախազի կողմից 2022 թվականի հոկտեմբերի 8-ին հաստատված՝ քրեական վարույթը կարճելու մասին որոշումները:
Գլխավոր դատախազի տեղակալի հանձնարարությամբ իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ Ս.Թ.-ն, 2017 թվականից զբաղեցնելով «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Սևան» մասնաճյուղի տնօրենի պաշտոնը, պարտավոր լինելով կանխել «Սևան» մասնաճյուղի տարածքից «Սիգ» տեսակի ձկան ապօրինի արդյունահանումը, կաշառքի դիմաց սույն գործով (վարույթով) անցնող քաղաքացիներին թույլատրել է իր վերահսկողության ներքո գտնվող «Սևան» մասնաճյուղի հատվածից իրականացնել ձկների ապօրինի արդյունահանում: Արդյունքում «Բարդիներ» կոչվող լողափի հատվածից իրականացվել է 49 կգ «Սիգ» տեսակի ձկան ապօրինի արդյունահանում՝ պատճառելով 245 հազար դրամի վնաս:
Ս.Թ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային նոր քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով (չորս դրվագ) (կաշառք ստանալը), Հ.Հ.-ի, Ա.Գ.-ի, Դ.Պ.-ի ու Դ.Մ.-ի նկատմամբ՝ 312-րդ հոդվածի 1-ին մասով (կաշառք տալը):
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: