ՌԴ-ի հեռանալը մեզ համար ցանկալի չէ . Վիգեն Խաչատրյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում փոխանցեց՝ Մոսկվայում՝ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների, իսկ հաջորդ շաբաթ էլ՝ երկու երկրների ղեկավարների սպասվող հանդիպումներից որևէ ակնկալիք չունի։
«Ես մեծ ակնկալիքներ չունեմ, որովհետև այն վարքագիծը, որը դրսևորում է Ադրբեջանը, խիստ ապակառուցողական է, տեսնենք։
Կրակոցներն ակնհայտ սադրանքներ են և բոլոր պայմանավորվածությունները շրջանցելու փորձեր՝ ոչ գեղեցիկ բառ եմ օգտագործում, բայց դա այդպես է։ Մարդկային կյանքերի ու ճակատագրերի հետ գործ ունենք։ Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ Ադրբեջանը շահագրգռված չէ խնդիրների քաղաքակիրթ լուծումներ գտնելու առումով»,- ասաց Վիգեն Խաչատրյանը։
Ինչ վերաբերում է Արևմուտքից ունեցած սպասելիքներին, իշխանական պատգամավորն ասաց, որ ի տարբերություն Արևմուտքի, կա միջնորդ՝ ի դեմս Ռուսաստանի, որը ստանձնել է պարտականություններ։
«Երբ, այսպես կոչված, «էկոակտիվիստները» փակել էին ճանապարհը դեպի Արցախ, բոլորովին վերջերս Լավրովն ասաց, թե օրերի հարց է, կբացվի, սակայն դրանից հետո անցակետ դրվեց։ Նույն Լավրովն ասում էր, որ անցակետը բացառվում է, ես չեմ կարողանում հասկանալ Ռուսաստանի պահվածքը։ Արևմուտքը պարտավորություններ չի ստանձնել, նա հարթակ է տրամադրում, ասում է՝ երկխոսեք։ Ինձ համար անհասկանալի է Ռուսաստանի պահվածքը, մեր ժողովրդի սպասելիքներն ավելի շատ Ռուսաստանից են, քանի որ մենք՝ ստրատեգիական չասեմ, ինչ դարավոր պատմություն ունի մեր հարաբերությունները։ Ռուսաստանի այս պահվածքը մի քիչ զարմանալի է, չե՞ն կարողանում, չե՞ն ցանկանում։ Հիմա Մոսկվայի հանդիպմանը կերևա՝ Մոսկվան վճռականություն կդրսևորի՞, թե՞ ոչ։
Վստահ չեմ, որ իրենք անկեղծ են, Լավրովի հայտարարությունն ինձ մոտ կասկածներ է առաջացնում, որ կարող է ՌԴ-ն հանկարծ մեզ հանկարծակիի բերել ու ասել՝ որոշել է հեռանալ։ Մենք հեռանալու որևէ պահանջ չենք դրել, մենք համագործակցության կողմնակից ենք, և ՌԴ-ի ԱԳ նախարարի հայտարարությունը մտավախություններ է առաջացնում, որ իրենք պատրաստվում են հեռանալ, ինչը մեզ համար բնավ ցանկալի չէ»,- հավելեց պատգամավորը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում