«Սկսում ենք քաղաքական կոնսուլտացիաներ՝ Արցախը եղել է, կա ու լինելու է». Արցախի ԱԺ նախագահ
Այսօր Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի նախաձեռնությամբ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ նաև ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը՝ հայտարարելով, թե իրեն հրավիրել են, ինքն էլ եկել ու լսել է հավաքվածների պահանջը։
«Պահանջն արդեն իսկ պարզ է, մի առիթով ես ասել եմ, որ Արցախում չկան հայրենասեր մարդիկ, Արցախում այս պահին կան 120 հազար հայրենապաշտ մարդիկ, որովհետև հայրենիքը պաշտողը կարող է այստեղ ապրել։ Հայրենասեր մարդիկ այն արցախցիներն են, ովքեր ապրում են Արցախի սահմաններից դուրս և Արցախը չեն մոռանում։ Աշխարհում ապրում են մոտ 2 միլիոն արցախցիներ, բայց 120 հազարն է այստեղ։ Ես ամեն ինչ անելու եմ, որ մեր հասարակության մեջ բևեռներ չառաջանան, հույսն ու հավատը գործի կեսն են։ Եթե մենք հավատում ենք, որ այս սուրբ հողը պետք է պահենք հայկական, այստեղ հայեր պետք է ապրեն, մենք պետք է միասնական լինենք, իսկ եթե միասնական չենք, գոնե պետք է լինենք համերաշխ ու հանդուրժող։ Եթե համերաշխությունն ու հանդուրժողականությունը լքի մեզ, ապա մենք կորցնելու ենք Արցախը, և դրա պատասխանատուները լինելու են ցանկացած հանրահավաքի առաջնորդներ։ Այս առիթով ես առաջարկում եմ, որպեսզի դուք երկրի նախագահին առաջարկեք սկսել քաղաքական կոնսուլտացիաներ»,- նշեց Արցախի ԱԺ նախագահը։
Ըստ նրա, ժողովրդին ոչ մեկը չի ասում, թե ինչ է ասել Շառլ Միշելն Ալիևին ու Փաշինյանին, նա Ալիևի ու Փաշինյանի հետ խոսել է նախկին ԼՂԻՄ-ի մասին, նրա ժողովրդի անվտանգության և իրավունքների մասին, ոչ թե ինքնորոշման մասին։ Ժողովուրդ ջան, իսկ դա Շառլ Միշելը չէ, դա Արևմուտքի հավաքական կարծիքն է՝ ԱՄՆ-ի Ֆրանսիայի կարծիքն է, երկուսն էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են։ Իսկ այստեղ մարդիկ գիտեն, որ արցախյան հիմնախնդրի լուծման բանալին տրված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին։
Այստեղ հնչում է, թե գործ չեք անում, գիշերս ու ցերեկս խառնվել է իրար։ Ձեր առաջնորդներից մեկը լայվ է անում, մյուսը՝ հարցազրույց տալիս։ Վերջացրեք, եկեք այստեղ, տեսնենք՝ ինչ ենք անում, եկեք միասին անենք, բևեռներ չստեղծենք այս հասարակության մեջ»,- հավելեց Արթուր Թովմասյանը։
Նա միաժամանակ հայտարարեց, որ վաղվանից սկսում են քաղաքական կոնսուլտացիաներ, խնդրելու է Արցախի նախագահին, որ սկսեն քաղաքական կոնսուլտացիաները։
«Եթե քաղաքական կոնսուլտացիաներից հետո քաղաքական ուժը, որ խորհրդարանում երկրորդն է, չբավարարի, դուք կարող է սրանից ավելի հուժկու կամ քիչ հանրահավաքներ անեք ու ասեք, որ համաձայն չեք։ Բայց նորից եմ ասում, մենք բոլոր կողմերին պետք է լսենք, ես ծանոթ եմ Սամվել Բաբայանի ճանապարհային քարտեզին, մյուս կողմի ճանապարհային քարտեզին, ո՞րն է ավելի իրատեսական, դա մենք քննարկումների ժամանակ կասենք։
Սկսում ենք քաղաքական կոնստուլտացիաներ, Արցախը եղել է, կա ու լինելու է»,- եզրափակեց Արթուր Թովմասյանը։