Մակրոնը Զելենսկիի այցի ընթացքում հայտարարել է ռազմական նոր օգնության տրամադրման մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անակնկալ այցով երեկ ժամանել է Փարիզ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման: Եվրոպական այցի շրջանակներում Զելենսկին եղել է նաև Հռոմում և Բեռլինում, իսկ Վատիկանում հանդիպել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Զելենսկիի և Մակրոնի համատեղ հայտարարությունը, Ֆրանսիան առաջիկա շաբաթներին տասնյակ զրահապատ մեքենաներ և թեթև տանկեր, այդ թվում՝ AMX-10 RC ծանր զրահամեքենաներ կտրամադրի Կիևին:

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Ֆրանսիան իր ջանքերը կենտրոնացնում է Ուկրաինայի հակաօդային պաշտպանության կարողություններին աջակցելու վրա: Բացի ռազմական աջակցությունից, Ֆրանսիան Ուկրաինային է տրամադրում նաև քաղաքացիական աջակցություն, այդ թվում՝ ֆինանսական, հումանիտար և արտակարգ: Ըստ կողմերի հայտարարության՝ Ֆրանսիան Ուկրաինային փոխանցել է ԴՆԹ-ի երկու շարժական լաբորատորիա:

Իսկ մայիսի 14-ին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է Կիևին 2,7 միլիարդ եվրոյի աջակցության նոր փաթեթի մասին: Ուկրաինան կստանա մարտական Leopard-1 տանկեր, Marder հետևակի մարտական մեքենաներ և Iris-T հակաօդային պաշտպանության համակարգեր: Բացի այդ, Գերմանիան կշարունակի Ուկրաինային տրամադրել հումանիտար, քաղաքական և ֆինանսական աջակցություն:

Իսկ մայիսի 11-ին Մեծ Բրիտանիան հաստատել էր, որ Ուկրաինային են փոխանցվել Storm Shadow հեռահար հրթիռներ:

Տեսանյութեր

Լրահոս