«Սիրո ըմպելիք». Գաետանո Դոնիցետիի հանրահայտ օպերան կբարձրանա Երևանի օպերային թատրոնի բեմ
Իտալացի ականավոր կոմպոզիտոր Գաետանո Դոնիցետիի «Սիրո ըմպելիք» կատակերգական օպերան կհամալրի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի խաղացանկը: Ներկայացման առաջնախաղը տեղի կունենա մայիսի 12-ին:
Մայիսի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը ներկայացման երաժշտական ղեկավար, թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանն ասաց՝ բեմադրության մեջ զբաղված են «Երիտասարդական օպերային ծրագրի» մեներգիչները:
«Ցանկացանք նախագիծն իրականացնել երիտասարդների հետ և նրանց նախապատրաստել ապագայում մեծ բեմահարթակ բարձրանալուն: Հաջորդն անդրադառնալու ենք Մոցարտին»,-նշեց Դուրգարյանը:
Նրա խոսքով՝ «Սիրո ըմպելիք»-ը շատ հումորային տեսարաններ ունի և հատկապես կհետաքրքրի երիտասարդ ունկնդրին, որը կգա թատրոն ու կճանաչի իր հասակակիցներին:
Ներկայացման բեմադրող ռեժիսորն ու գեղարվեստական հայեցակարգի հեղինակը Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի ուսանող Օլգա Գուսևան է, որն արդեն աշխատում է Երևանի օպերային թատրոնում: Դուրգարյանը կարծում է՝ նա շատ հետաքրքիր լուծումներ է գտել: Բեմադրող նկարիչը ՀՀ վաստակավոր նկարիչ Ավետիս Բարսեղյանն է, դիրիժորը՝ Հարություն Արզումանյանը: Ըստ թատրոնի տնօրենի՝ ավագ սերնդի ներկայացուցիչներն արել են հնարավորը, որ տաղանդավոր երիտասարդները բեմում ու բեմից դուրս լավ ստեղծագործական մթնոլորտում աշխատեն:
Ռեժիսորի օգնական, խորեոգրաֆ Արա Ասատուրյանն էլ ռեժիսոր Օլգա Գուսևայի մուտքը թատրոն ձեռքբերում է համարում, քանի որ նա Սանկտ Պետերբուրգի ոգին է բերել թատրոն: «Օլգան շատ կարգապահ է, ունի ամեն ինչ ճիշտ համակարգելու ունակություն, անսպառ երևակայություն, երեխայի պես ուրախանալու կարողություն: Հրաշալի մթնոլորտ է ստեղծում ու բոլորին վարակում է իր գաղափարներով, ուստի հետաքրքիր ներկայացում է լինելու»,-վստահեցրեց խորեոգրաֆը:
Ասատուրյանի խոսքով՝ օպերան շատ դինամիկ է, նրանում շարժը շատ է: Դիմել են մնջախաղի օգնությանն ու տեսարանները հարստացրել: «Մնջախաղն օգնում է իրավիճակներն ավելի ծիծաղաշարժ դարձնել: Ցանկացած պահի հանդիսատեսը բեմի տարբեր անկյուններում կտեսնի ծավալվող հետաքրքիր իրադարձություններ, պարային կտորներ ևս կան, սակայն հիմնականում չապլինյան ոգի ենք բերել: Օպերան դինամիկ ու պլաստիկ է»,-շեշտեց նա:
«Սիրո ըմպելիք»-ի փորձերի ժամանակ այնպիսի մթնոլորտ է ստեղծվում, որ անգամ այն երիտասարդները, որոնք վախի զգացումով են բեմ բարձրանում, ընթացքում ավելի համարձակ, անմիջական ու ինքնուրույն են դառում, ինչը ոգևորում է նաև Դուրգարյանին, քանի որ նա երիտասարդների մեջ ապագա արտիստների է տեսնում:
Օպերային թատրոնն ակտիվ գործունեություն է ծավալում և առաջիկայում նաև այլ առաջնախաղերով է հանդես գալու: Արվեստասերներին է ներկայացվելու Ջակոմո Պուչինիի «Տուրանդոտ» օպերան, մանկական օպերային ներկայացում, որի մանրամասները դեռ չեն հայտնում, և Պյոտր Չայկովսկու «Կարապի լիճ» սպասված բալետը: Նախատեսում են նորովի բեմադրել Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան, սակայն այն ներկայացումը, որը խաղացանկում է, ևս կպահպանվի: Դուրգարյանը հույս հայտնեց, որ կկարողանան երեք ամիսը մեկ հանդիսատեսին նոր ներկայացում ներկայացնել, ինչը կնպաստի թատրոնի առաջընթացին:
«Սիրո ըմպելիք» ներկայացման առաջին բեմադրությունը կայացել է 1832 թվականի մայիսի 12-ին Միլանում: «Սիրո ըմպելիք»-ը կոմպոզիտորի ամենափայլուն կատակերգական օպերաներից է, որը հագեցած է հիանալի մեղեդիներով և ունի անսովոր ու հետաքրքիր սյուժե:
Լիբրետոյի հեղինակը Ֆելիչե Ռոմանին է, որի հետ Դոնիցետին բազմիցս համագործակցել է: Լիբրետոյի հիմքում կատակերգությունների մեծ վարպետ Էժեն Սկրիբի «Ըմպելիք» ոդևիլն է: