Եթե Հայաստանին ձեռնտու չլինի հայ-թուրքական սահմանի բացումը, Թուրքիան սահմանը կբացի 5 վայրկյանում. ՔՊ-ական պատգամավոր

Հայաստանի խորհրդարանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը համաձայն չէ հնչող կարծիքների հետ, թե հայ-թուրքական սահմանի բացումը ձեռնտու է լինելու միայն Թուրքիայի համար, իսկ Հայաստանի համար կունենա աղետալի հետևանքներ։ Պատգամավորն ընդգծում է, եթե սահմանի բացումը ձեռնտու լինի միայն Թուրքիային, ապա այդ երկիրը շատ արագ կբացի սահմանը, քանի որ հենց Թուրքիան էլ ժամանակին փակել է սահմանը՝ Հայաստանին տնտեսապես ճնշելու համար։

Պատգամավորն այս մասին ասաց ԱԺ-ում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։

«Մեր հանրային կյանքում շատ է քննարկվում՝ արդյոք Հայաստանին ձեռնտու է, որ բացվի հայ-թուրքական սահմանը, թե՞ ոչ: Եթե Հայաստանին ձեռնտու չլինի հայ-թուրքական սահմանի բացումը, Թուրքիան սահմանը կբացի 5 վայրկյանում, որովհետև Հայաստանը չի փակել Հայաստան-Թուրքիա սահմանը, այն փակել է Թուրքիան, քանի որ դրանով Հայաստանին տնտեսապես ճնշում է: Դա նրանք երբեք չեն թաքցրել, դրանով նրանք աջակցում են Ադրբեջանին: Դա ցույց է տալիս, որ այն նարատիվը, թե հայ-թուրքական սահմանի բացումը Հայաստանի համար ինչ-որ ապոկալիպտիկ հետևանքներ է ունենալու, պարզապես ծիծաղելի է և որևէ առնչություն չունի իրականության հետ»,-ասաց Պապոյանը:

Ըստ պատգամավորի՝ հայ-թուրքական սահմանի բացումը բերելու է Հայաստանի տնտեսական զարգացման, աշխատատեղերի ստեղծման, բիզնեսների զարգացման, հարկերի ավելացման, մարդկանց սոցիալական վիճակի էական լավացման:

«Թուրքիան, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հարցում աջակցի Ադրբեջանին, երկար տարիներ փակ է պահել հայ-թուրքական սահմանը: Եվ դա իրենք չեն թաքցրել: Սա իրենց գնահատականն է: Այսօր էլ, ես կարծում եմ, իրենք հասկանում են, որ դա մեզ ձեռք է տալիս, և փորձում են ամեն գնով, գուցե, ինչ-որ պահանջներ ներկայացնել, առիթ փնտրել: Առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը մեր օրակարգային հարցն է, մենք դրանից չենք շեղվում, դա Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնադրույթն է»,-եզրափակեց պատգամավորը:

Հայաստանը և Թուրքիան ավելի վաղ պայմանավորվել էին մինչև ամռան սկիզբ բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար: Գևորգ Պապոյանը նշեց, որ Թուրքիայի կողմից այդ պայմանավորվածությունը չեղարկելու վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն չկա։ Պատգամավորը հարցին անդրադարձավ վերջին իրադարձությունների կոնտեքստում, երբ Թուրքիան փակել է օդային տարածքը Հայաստանից երրորդ երկրներ թռիչքների համար՝ որպես պատասխան քայլ Երևանում «Նեմեսիս» հուշարձանի տեղադրմանը։

Տեսանյութեր

Լրահոս