Ուկրաինայի արևելքում հրթիռակոծության ժամանակ ֆրանսիացի լրագրող է սպանվել
Ֆրանսիական Agence France-Presse (AFP) գործակալության ուկրաինական ծառայության տեսանյութերի բաժնի համակարգող Արման Սոլդինը և նրա գործընկերները մայիսի 9-ին Ուկրաինայի արևելքում գտնվող Չասով Յար քաղաքի մոտ հրթիռակոծության են ենթարկվել: Լրագրողներին ուղեկցելիս են եղել ուկրաինացի զինվորականներ: Այս մասին տեղեկանում ենք Le Monde պարբերականից:
Ըստ Արման Սոլդինի հետ գտնվող AFP-ի լրագրողների՝ հրթիռակոծությունը տեղի է ունեցել ժամը 16:30-ին, մարտերի թեժ կետերից մեկի՝ Բախմուտ քաղաքի արվարձաններում: 32-ամյա Սոլդինը սպանվել է, երբ հրթիռը հարվածել է նրա գտնվելու վայրի մոտ: Խմբի մնացած անդամները չեն տուժել:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Twitter-ի իր էջում անդրադարձել է միջադեպին՝ նշելով, որ լրագրողը հակամարտության հենց առաջին իսկ ժամերից առաջնագծում էր՝ փաստերն արձանագրելու համար: Ուկրաինայի պաշտպանության նախարարությունն իր ցավակցություններն է հայտնել Սոլդինի ընտանիքին և գործընկերներին:
Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիեռը նույնպես անդրադարձել է միջադեպին՝ նշելով, որ աշխարհը «պարտք» է բոլոր այն լրագրողներին, որոնք զոհվել են հակամարտությունը լուսաբանելու ընթացքում: