Պետական շահի տեսանկյունից կատարյալ տգիտություն է՝ փոխել ՀՀ արտաքին քաղաքական վեկտորը. Շարմազանով
«Ափսոսանք, դառնություն ենք զգում, միևնույն ժամանակ՝ հպարտություն: Մեր պապերը Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ պայքարեցին հանուն Հայաստանի ազատագրության, որովհետև ֆաշիստական Գերմանիայի հաջողության դեպքում Թուրքիան բացելու էր երկրորդ ֆրոնտը, և Հայաստանը վերածվելու էր թուրքական վիլայեթի»,- Հաղթանակ զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ Բեռլինը գրավող, Ստալինգրադն ազատագրող հերոսների թոռները 1992 թվականին ազատագրեցին Շուշին:
«Դժբախտաբար, 2018թ. ՀՀ-ում տեղի ունեցավ աշխարհաքաղաքական գույնզգույն հեղաշրջում, որի արդյունքը եղան այն կորուստները, որոնք կան: Այսօր կանգնում, խոսում են դավաճանությունից, բայց, կներեք, Շուշին հանձնել են իրենք, երբ չեն համաձայնել Պուտինի հոկտեմբերի 19-ի առաջարկի հետ, ըստ որի, ըստ Պուտինի, Շուշին մնալու էր հայկական վերահսկողության ներքո: Շուշին հանձնել են իրենք, երբ Հայաստանը բաժանել են սև ու սպիտակի, երբ կազմաքանդել են Հայոց բանակը, երբ Արցախի նախագահ Բակո Սահակյանին անվանում էին մարզպետ: Մեծ դառնությամբ եմ ասում, քանի դեռ այս կապիտուլյանտ իշխանությունը կա, մենք եղածը պահելու խնդիր ունենք, որովհետև յուրաքանչյուր տարի մեր կորուստներն ավելանում են: ՀՀ գոյությունն է վտանգի տակ՝ սալյամիի, բաստուրմայի նման աստիճանաբար կտրում են, և այսօր արդեն տեսնում ենք, որ թուրքը գտնվում է Զանգեզուրի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղամա լեռներում»,- նշեց Էդուարդ Շարմազանովը:
Խոսելով բանակցությունների մասին՝ ասաց, որ ոչ մի լավ բան չի կարելի սպասել, եթե բանակցում է Նիկոլ Փաշինյանը:
«Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ թող ասեն՝ ինչքան զիջեն. եթե այդ մարդու ուղեղում զիջումն է, Ալիևի, Էրդողանի ցանկությունների բավարարումը, ի՞նչ սպասել: Ասել եմ՝ զիջելու է մինչև իր աթոռը: Կանգառը կլինի այն ժամանակ, երբ հայ ժողովուրդը կբռունցքվի, կհասկանա, որ փրկությունը Նիկոլից ազատվելու մեջ է: Գույնզգույն հեղափոխության նպատակը երկուսն է եղել՝ ուրանալ Արցախյան շարժումը, Արցախը մտցնել Ադրբեջանի կազմ, ինչը սրանք «հաջողությամբ» անում են, և երկրորդ, փոխել ՀՀ արտաքին քաղաքական և անվտանգային վեկտորը՝ Ռուսաստանից դեպի Թուրքիա, Եվրոպա էլ չէ: Պետական շահի տեսանկյունից կատարյալ անհեթեթություն, տգիտություն է՝ այսօր փոխել ՀՀ արտաքին քաղաքական վեկտորը: Հեռանալ Մոսկվայից՝ կնշանակի մտերմանալ Անկարայի հետ»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը:
Մանրամասները՝ տեսանյութում