Թուրքիայի նոր սահմանադրությամբ Գլխավոր շտաբը կենթարկվի Պաշտպանության նախարարությանը
Թուրքական MK-Turkey ինտերնետային թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանում ներկայացված չորս քաղաքական կուսակցությունները համաձայնության են եկել Թուրքիայի նոր Սահմանադրության այն դրույթի շուրջ, որ երկրի զինված ուժերի Գլխավոր շտաբը պետք է ենթարկվի Պաշտպանության նախարարությանը:
Գործող Սահմանադրության համաձայն (Սահմանադրության 117-րդ հոդված – 168.am), Գլխավոր շտաբը հաշվետու է Թուրքիայի վարչապետին, ինչն, այնուամենայնիվ, չի իրականացվում անմիջականորեն, և նա ազատ է իր գործառույթների ու պարտականությունների կատարման ժամանակ:
Բազմաթիվ փորձագետների կարծիքով՝ ներկայիս Սահմանադրությունը Թուրքիայի կառավարությանը խոչընդոտում է զինվորականների քաղաքական գերակայությանը վերջ դնելու հարցում: Փորձագետները ողջունել են այն, որ Գլխավոր շտաբը ենթակա լինի Պաշտպանության նախարարությանը՝ գտնելով, որ դա դրականորեն կազդի կառավարության ու զինվորականության միջև հարաբերությունների կարգավորման վրա:
Սահմանադրական հաշտեցման հանձնաժողովում են ընդգրկվել իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ), քեմալական «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ), «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) ու քրդական «Խաղաղություն ու ժողովրդավարություն» կուսակցության (ԽԺԿ) ներկայացուցիչները:
Նոր Սահմանադրությունը պետք է փոխարինի 1980 թվականի սեպտեմբերի 12-ին Թուրքիայում իրականացված ռազմական հեղաշրջման հետևանքով ընդունված Սահմանադրությանը:
Հիշեցնենք, որ 1980 թվականի սեպտեմբերի 12-ի ռազմական հեղաշրջումից հետո՝ 1981 թվականի հունիսի 29-ին, թուրքական ռազմական խունտան ընտրեց 160 խորհրդատուի, որոնց հանձնարարեց զբաղվել նոր Սահմանադրության մշակմամբ:
Վերջիններս առաջ քաշեցին 800 նոր օրենքներ: 1982 թվականի նոյեմբերի 7-ին նոր Սահմանադրությունը դրվեց հանրաքվեի ու ստացավ մասնակիցների 92 տոկոսի աջակցությունը: Դրանով մեծ լիազորություններ շնորհվեցին ուժային և դատական կառույցներին, որոնց իրավունքների սահմանափակման համար տարիներ շարունակ պայքարում է Էրդողանը, և առաջիկա նոր Սահմանադրությունը գործուն քայլ կհանդիսանա այդ ուղղությամբ։