Վրաստանը Եվրոպայից արդար որոշում է ակնկալում ԵՄ-ի անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու առումով. Ղարիբաշվիլի
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Հունգարիայում Պահպանողական քաղաքական գործողությունների խորհրդաժողովում (CPAC) ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է, որ Վրաստանն արժանի է Եվրամիությանն անդամակցելու համար թեկնածու երկրի կարգավիճակ ստանալուն և Եվրոպայից արդար որոշում է ակնկալում։ Այդ մասին հայտնում է Sputnik գործակալության վրացական ծառայությունից:
2022 թ. հունիսին Եվրոպական խորհուրդը ճանաչել է Վրաստանի եվրոպական հեռանկարը և պատրաստակամություն հայտնել նրան տրամադրել ԵՄ-ի թեկնածու երկրի կարգավիճակ` հենց կատարվեն 12 պայմանները, այդ թվում՝ ապաօլիգարխացում, ապաբևեռացում, մեդիամիջավայրի բարելավում, դատական համակարգի լիակատար անկախության ապահովում: Թեկնածուի կարգավիճակ այդ նույն օրն ստացել են Ուկրաինան և Մոլդովան:
«Այսօր մենք Եվրոպայից ակնկալում ենք հեռատես և արդար որոշում ԵՄ-ի անդամի թեկնածուի կարգավիճակի վերաբերյալ: Սա կլինի մեր իշխանության և ժողովրդի համատեղ ջանքերի արժանի ճանաչումը: Եվս մեկ անգամ ցանկանում եմ հայտարարել, որ Վրաստանի տեղը Եվրոպայում է, Վրաստանն արժանի է ԵՄ-ի անդամի թեկնածուի կարգավիճակին», – հայտարարել է Ղարիբաշվիլին։
Վրաստանի կառավարության ղեկավարը նշել է, որ երկրի իշխանությունները հսկայական ջանքեր են գործադրել օրենքի և ժողովրդավարության, տնտեսական առաջընթացի և սոցիալական արդարության գերակայության ապահովման համար։
Sputnik-ը հիշեցնում է, որ «Վրացական երազանքը» ձեռնամուխ է եղել հանձնարարականների կատարման ուղղությամբ աշխատանքին Եվրամիության բարձրագույն քաղաքական մարմնի որոշման հրապարակումից անմիջապես հետո. 2022 թ.-ի ընթացքում ուղղումներ են մտցվել ավելի քան 80 օրենքներում։ Ընդդիմության միայն մի մասն է միացել գործընթացին։ Վրաստանն ամռանը սպասում է Եվրահանձնաժողովի միջանկյալ գնահատականին, իսկ թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ վերջնական որոշմանը՝ տարեվերջին։